Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռենտո Մարսուդիի հետ
Սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էԻնդոնեզիայի ԱԳ նախարար Ռենտո Մարսուդիի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայութունից։
Նախարար Մնացականյանը շնորհավորել է Ինդոնեզիային ՄԱԿ Անվտանգության խորհրդում հաջող անդամակցության կապակցությամբ:
Նախարարները քննարկել են հայ-ինդոնեզական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկել լիարժեքորեն օգտագործելու երկկողմ հարաբերություններում առկա և դեռևս չիրացված ներուժը՝ համագործակցության օրակարգն առավել ամրապնդելու և հարստացնելու նպատակով: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, նաև խորհրդարանական հարթակում շփումների խթանումը:
Նախարարներ Մնացականյանը և Մարսուդին առանձնահատուկ ընդգծել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության, էլեկտրոնային կառավարման, զբոսաշրջության ոլորտները և նրանց շրջանակներում փորձի փոխանակմանը, մարդկանց միջև շփումների աշխուժացմանն ուղղված նախաձեռնությունները:
Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցեր: