11 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Փաշինյանը քաղաքական ձերբակալությունների նոր ալիք է սկսելու». Էդուարդ Շարմազանով

Հարցազրույց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարոն Շարմազանով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իշխանությունները քաղաքական գործընթաց են սկսել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն այս առնչությամբ հայտարարել է. «Չեմ ուզում, որ խոսքս սպառնալիք հնչի, եթե ես հիմա ասեմ՝ ինչ կլինի, եթե ինքը փորձի կառչած մնալ այդ աթոռին, դա կդառնա սպառնալիք։ Բայց ես հույս ունեմ, որ ինքը կռահում է, թե ինչ է լինելու, և վստահ եմ, որ ինքը գնալու է, ու առաջարկում եմ դա անել առանց այլևայլությունների, ժողովրդի հետ պետք չէ մուկն ու կատու խաղալ։ Հանկարծ չփորձի մեզ ջղայնացնի։ Մենք արդեն ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ»: Դուք կռահո՞ւմ եք, թե ինչ է ակնարկում նա՝ ասելով, որ «ինքը կռահում է, թե ինչ է լինելու»,  «հանկարծ չփորձի մեզ ջղայնացնի, մենք արդեն ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ»:

– Դուք ո՞վ եք, էլի, էդ քանի՞ հոգի եք: Նիկոլը չլինի՝ դուք ո՞վ եք: Ես նույնիսկ չեմ էլ ճանաչում այդ պատգամավորների մեծ մասին: Նիկոլով վեր-վեր թռնելը մի օր ավարտվելու է: Մեր քաղաքական բանավեճն իրենց շեֆի հետ է, ու թող ոտքի տակ չընկնեն: Ճիշտն ասած՝ ես չեմ էլ ճանաչում այդ պատգամավորին, չգիտեմ՝ երիտասարդ է, տարեց է: Ու ակնհայտ է՝ սա Նիկոլ Փաշինյանի պլագիատն է, նա էր, չէ՞, բոլորին ասում՝ պատերով կծեփեմ, ԱԱԾ-ով կվախեցնեմ, ասֆալտին կփռեմ: Նման հայտարարություն անողները, երբ Հայաստանում վերադառնա իրավական իշխանությունը, պետք է հերթով իրենք դատարանի առաջ կանգնեն, առաջինը՝ Նիկոլ Փաշինյանը՝ շանտաժով իշխանության գալու, ԱԺ-ն պաշարելու, դատարանները շրջափակելու, Երկրորդ նախագահին ապօրինի կալանավորելու ու լիքը նման ապօրինի գործընթացների համար: Ոչինչ հավերժ չէ, եթե խորհրդային կամայական իշխանությունը մի օր ավարտվել է, Նիկոլն ավարտվելու է ու ավարտվելու: Պարզապես մեր հասարակությունն ու մեր պետությունն են թանկ վճարելու: Ես ընդամենը նման հայտարարություններին ու Նիկոլի քաղաքականությանը, մեր քաղաքացիներին մի նախադասությամբ պատասխանեմ՝ բարի գալուստ 37 թիվ:

– Իսկ Հրայր Թովմասյանի դեմ սկսված արշավն ի՞նչ հանգուցալուծում կունենա:

– Ես հուսով եմ, որ ՍԴ-ում դեռ կան դատավորներ, որոնց համար իրենց արժանապատվությունը, անցած ճանապարհը, Սահմանադրությամբ երդումը, սահմանադրական արժեքները, պետականությունն ավելի բարձր են, քան Նիկոլի և նրա վկաների կողմից հնչեցված սպառնալիքները: Ես կարծում եմ, որ խիզախությունը և արժանապատվությունը կհաղթի, որովհետև ՍԴ-ն մնացել է ժողովրդավարության, սահմանադրական կարգի, բազմակարծության միակ բաստիոնը: ՍԴ-ն կուլ տալուց հետո Նիկոլն անցնելու է ձեզ՝ չորրորդ իշխանությանը, և, ինչպես Հիտլերի և Ստալինի ժամանակ էին հակապետական հռչակվում այն լրատվամիջոցները, որոնք այլընտրանքային կարծիք էին հնչեցնում, այդպես էլ հիմա է լինելու: Այսինքն՝ հերթով իր ծրագրով գնում է, աստիճանաբար կուլ է տալիս, և ինքը դասական Ֆյուրերի նման է գնում: Կարող ենք գերմանական նացիոնալ-սոցիալիստների հետ նմանեցնել, կարող ենք բոլշևիկներին նմանեցնել, բայց փաստը դա է:

Ամբողջը եղավ նրանից, որ, բացի ՀՀԿ-ից, բոլորը նրան ողջունեցին, այն ժամանակ ոչ մեկն իմ, Արմեն Աշոտյանի և Արփինե Հովհաննիսյանի հետ կռիվ չմտավ, ամեն մեկն ասում էր՝ դե լավ, ես իմ գործը գնամ-դզեմ, Նիկոլը դեռ ինձ չի հայհոյում, ջհանդամ, թող ՀՀԿ-ին հայհոյի: ՀՀԿ-ն միայն իր կռիվը չէր անում: Այ, դրա համար այսօր այսպես է լինում, հերթով բոլորի հետևից գալու է:

Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետին հանեց, ոստիկանապետին հանեց, շատ դեպքերում ինձ հարցնում են՝ սպա կնշանակի՞, թե՞ քաղաքացիական անձ. դա ինձ համար երկրորդական է, կնշանակի նրան, ով կկատարի իր հրահանգները: Կնշանակի, կօգտագործի, կշպրտի, ինչպես Ստալինն էր անում: Բոլորը, ովքեր ժամանակին հակապետական գործողություն էին անում՝ Նիկոլին ծափահարել են, նրանք պետության դեմ են գործել, իմ դեմ չեն գործել: Էդ որ ժամանակին գոռում էինք, բացատրում էինք, որ չի կարելի ԱԺ-ն հանձնել, որ չի կարելի չպայքարել, որ ԱԺ-ում չի կարելի ունենալ մի մեծամասնություն, որն էյֆորիայի ազդեցության տակ ընտրվում է, և որը 3/5 է ունենալու: Այսօր պառլամենտ մենք չունենք, որովհետև քաղաքական զսպման բոլոր մեխանիզմները չկան: Երբևէ Հայաստանի իշխանությունը 3/5-ից ավելի ձայն պառլամենտում չի ունեցել: Մենք այդ 3/5-ի շեմը դրել էինք նրա համար, որ իշխանությունը միայնակ չկարողանա ընտրել ԿԸՀ, ԿԲ նախագահ, գլխավոր դատախազ, ՍԴ նույն այսօրվա նախագահի վրա չկարողանա միայնակ գործընթաց սկսել:

Նիկոլ Փաշինյանին ցանկացած որոշման համար 80 ձայն է պետք, նա ունի 80 պատգամավոր, վերջ: Այսօրվա հարցի միակ լուծումը՝ առաջին՝ ՍԴ դատավորների արժանապատվության վրա հույս դնելն է, և երկրորդ՝ բոլոր առողջ ուժերով հասնել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Սա պետք է լինի: Առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որն իրական պատկերը ցույց կտա, չի կարող որևէ այլ բան լինել, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը խորհրդարանում նրանք են, ովքեր ժամանակին իր հետ կոալիցիա էին կազմել, ովքեր Նիկոլ Փաշինյանից ավելի ուժեղ էին գոռում՝ կեցցե՛ նոր Հայաստանը: Չի կարող պառլամենտական երկրում քաղաքական իշխանությունն ունենա իշխանության ամբողջական փաթեթ, իսկ այսօր պառլամենտում 3/5 ձայների մի կուսակցություն լինելը խոսում է նրա մասին, որ Փաշինյանն ինչ ուզի՝ կանի:

– Նիկոլ Փաշինյանն արդյո՞ք կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

– Պետք է պահանջել, պետք է ստիպել, պետք է հասարակությունը, քաղաքական ուժերը ստիպեն: Դուք կարծում եք, որ, եթե ընտրություն լինի, Նիկոլը պետք է այնքան ձայն հավաքի, ինչքան դեկտեմբերի՞ն. Իհա՛րկե ոչ:

– Այսինքն՝ ընկե՞լ է Փաշինյանի վարկանիշը:

– Ինչու դուք չե՞ք տեսնում:

– Ձեզ եմ հարցնում:

– Ամեն Աստծո օր կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում են: Եթե այն ժամանակ նրան քննադատում էինք ես, Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը, ապա հիմա մեզ հերթ չի հասնում: Նույնիսկ Հրանտ Բագրատյանը, որը եղել է մեր իշխանության ամենամոլի քննադատներից, Նիկոլի տնտեսական քաղաքականությունից քարը քարի վրա չի թողնում, որովհետև այդպես է. չկա մի ոլորտ, որտեղ Նիկոլը չի ձախողել: Բայց մենք դեռ ոլորտի մասին չենք խոսում: Այս մարդը քանդում է պետականության հիմքերը:

– Քանի որ հրաժարականի մասին ակնարկեցիք՝ ինչո՞ւ են ուժայինները լքում Նիկոլ Փաշինյանին:

– Ուժայինները լքո՞ւմ են, թե՞ ինքն է հանում: Առնվազն Օսիպյանի՞ն՝ հանում է:

– Իսկ Արթուր Վանեցյանի դեպքո՞ւմ:

– Կգամ Արթուր Վանեցյանին: Օսիպյանի համաձայնությունը՝ գլխավոր խորհրդական աշխատել Նիկոլ Փաշինյանի մոտ, խոսում է, որ նա եղել է Նիկոլ Փաշինյանի հրահանգների հլու կամակատարը: Արթուր Վանեցյանի մասով չեմ ուզում մատի ու մատանու արանք ընկնել, որովհետև նա 1.5 տարի եղել է Նիկոլ Փաշինյանի սիրելի կադրերից մեկը, Նիկոլ Փաշինյանը նրան գեներալ-մայորի ուսադիրներ է տվել, նա կատարել է Փաշինյանի հրահանգները… այնպես չէ, որ նա ասելիք չունի, բայց ամեն ինչին չափ կա:

Առանց ԱԱԾ-ի՝ այդ ապօրինությունները չէին լինի, նույն՝ Քոչարյանի ձերբակալում, հանրապետականների նկատմամբ ճնշումներ ընտրությունների ժամանակ, բայց մարդը հասկացել է, որ կա մի չափ, որից այն կողմ անհնար է: Երկրորդ՝ ես աշխարհաքաղաքական գործոնն էլ չեմ բացառում, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր 1.5 տարվա ընթացքում ամեն ինչ անում է հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար. սա խայտառակություն է: Եվ երրորդ՝ ո՞ր իրեն հարգող ԱԱԾ պետը ցանկացած երկրում կհամաձայներ աշխատել մի ղեկավարի հետ, որը կառավարության իր աշխատասենյակում ընդունում է երեք ոստիկան սպանած ահաբեկչական խմբի ղեկավարներին և սորոսականներին:

Եթե մի երկրի ԱԱԾ պետ իր երկրի ղեկավարին ասում է՝ «կանգ առ» ու «սթափվիր», սա նշանակում է, որ Շարմազանովը ճիշտ էր, իսկ նույն Վանեցյանը, Նիկոլը և իրենց ամբողջ թայֆեն՝ սխալ: Նիկոլ Փաշինյանի իշխանության հիվանդության պատմությունը տվել է հենց Արթուր Վանեցյանը՝ «կանգ առ» և «սթափվիր»:

– Բազմաթիվ խոստումների հետ մեկտեղ՝ Փաշինյանը խոստանում էր տնտեսական հեղափոխություն, աննախադեպ ներդրումների հոսք. ըստ Ձեզ՝ Փաշինյանը կատարո՞ւմ է իր խոստումները:

– Փաստն այն է, որ ոչ: Պաշտոնական տվյալներով՝ 11 անգամ ներդրումները պակասել են: Ո՞ր նորմալ, խելքը գլխին ներդրողը կգա՝ մի երկրում ներդրում կանի, որտեղ վարչապետը հայտարարում է դատարանների շրջափակման մասին, որտեղ վարչապետն իր քաղաքական մեծամասնությանը հրահանգ է տալիս ճնշել ՍԴ-ին, որտեղ ահաբեկիչների հետ հանդիպում է, իսկ նախկին նախագահին ու Արցախի հերոսին՝ ձերբակալում, որտեղ առանց պատճառի՝ մարդկանց փողոցում բռնում, ասֆալտին է փռում:

Երկրորդ՝ եթե «Բանկային գաղտնիքի մասին» օրենքն ուզում են փոխել, եթե բանկային գաղտնիքը հանվում է, ով ինչ ուզում՝ իմանում է, ո՞վ կբերի ներդրում կանի: Եթե հիմա առանց դատի էլ պետգույքի հարցն են ուզում դնեն, ո՞վ կգա ներդրում կանի: Հայաստանն էլ Էլդորադոն է, որ բոլորը պետք է բերեն այստեղ ներդրո՞ւմ անեն:

– Ժողովրդավարության բաստիոն:

– Ժողովրդավարության բաստիոնը տեսանք՝ որն է: Ես նոր ասացի՝ որտեղ ահաբեկիչների հետ գործարքի են գնում, սա է ժողովրդավարության բաստիոնը, և որտեղ իրենց սիրելի ԱՄՆ դեսպանը «Սասնա ծռերին» անվանել էր ահաբեկչական խումբ, նրանց այդ գործողությունը համարել ահաբեկչություն:

Ասում է՝ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Կներեք, դա կամ հիվանդ, կամ իրականությունից կտրված մարդու հայտարարություն է, երկուսն էլ վատ է: Եթե դու քո աշխատասենյակում ընդունում ես մարդկանց, որոնք քո դաշնակցի դրոշն այրում են, որոնք քո դաշնակցին ինչ ասես՝ ասում են, դաշնակից երկրի ղեկավարին, պետությանը հայհոյում են, ասում են՝ ռուսական ռազմաբազան այստեղից պետք է գնա, այդպես ո՞նց է լինում: Դու ի՞նչ ունես նրանց հետ քննարկելու: Սա է խնդիրը: Եվ ինձ համար դեռևս ամիսներ առաջ ակնհայտ էր, որ կա՛մ պետք է Դավիթ Սանասարյանը ձերբակալվի, կա՛մ Արթուր Վանեցյանը պետք է հրաժարական տա, որովհետև երբ այդ կոնֆլիկտը գնաց, և սորոսականները հարձակվեցին ԱԱԾ պետի վրա, ակնհայտ էր, որ Փաշինյանը պարտավոր է մեկի կողմն անցնել: Փաշինյանն ընտրեց սորոսականներին պաշտպանելու և քիչ թե շատ պետականության զգացում ունեցող սպաներին աշխատանքից հեռացնելու գործը: Հիմա էլ հայտարարել է, թե կոռուպցիայի դեմ պայքարի ռեստարտ են տալու. ես պաշտոնապես հայտարարել եմ՝ Փաշինյանը սկսելու է քաղաքական ձերբակալությունների նոր ալիք: Դրա համար եմ ասում՝ բարի գալուստ 37 թիվ: Բայց դրանով մեզ չի կարող վախեցնել:

– Այս փուլում ովքե՞ր են լինելու ձերբակալվողները:

– Բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ աղմուկ կբարձրացնեն, ինձնից սկսած՝ մինչև Սերժ Սարգսյան: Ես ոչինչ չեմ բացառում, որովհետև նա պետք է աղմուկ-աղաղակ անի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ