Հանրապետականները ուխտագնացության են մեկնել Արդվի: Լրագրողները հարց ուղղեցին Սերժ Սարգսյանին /տեսանյութ/
ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական կառույցների ներկայացուցիչների և ղեկավար կազմի ուղեկցությամբ մեկնել է Լոռու մարզ: Այս մասին հայտնում են Երրորդ նախագահի գրասենյակից:
Որպես անկախության համար պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժ՝ հանրապետականները Անկախության տոնի կապակցությամբ նախ այցելել են Վանաձորի զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին:
ՀՀ 3-րդ նախագահի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Լոռվա մարզի Արդվի համայնքում Հանրապետական կուսակցության անդամներն ուխտագնացության են մեկնել Սուրբ Հովհաննես վանք (հայտնի է նաև Սրբանես կամ Հովհան Օձնեցու վանք անուններով), որի մատուռում գտնվող դամբարանում ամփոփված է Հայոց եկեղեցուն զգալի հռչակ բերած մեծագույն հայրապետներից մեկը՝ Սուրբ Հովհան Իմաստասեր Օձնեցին:
Օձունի և ենթաշրջանների հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը, միասնական աղոթքից հետո ամփոփ ներկայացրեց Հովհաննես եկեղեցու պատմությունը։ Արդվինում լրագրողները հարց ուղղեցին Սերժ Սարգսյանին, թե Անկախության օրն ի՞նչ խորհուրդ ունի իր համար, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն արձագանքեց.
«Օրվա խորհրդի հետ կապված ես ուղերձով արդեն դիմել եմ ժողովրդին»: