«Նոր Հայաստանի մասին 100 փաստ-2». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր հերթական մամուլի ասուլիսը հրավիրել է Վանաձորում, մինչև լրագրողների հետ հարց ու պատասխանին անդրադառնալը, վարչապետը ներկայացրեց «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-2»:
Հիշեցնենք, որ առաջին 100 փաստը վարչապետը ներկայացրել էր մայիսի 8-ին:
1. 2019 թվականի յոթ ամիսների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ ՀՆԱ-ի իրական աճի ցուցանիշը կազմել է 6,8 տոկոս: Արդյունաբերությունն աճել է 8,4 տոկոսով, շինարարությունը՝ 4,5, առևտրի շրջանառությունը՝ 8,9 տոկոսով, ծառայությունները՝ 15,2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 5,9 տոկոսով:
2. Այս տարվա առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ՝ ավելի են հավաքագրվել 152 մլրդ դրամի հարկեր և տուրքեր:
3. Նախորդ տարվա մայիսից մինչև օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ: Եթե 65 հազար 37 գրանցված աշխատատեղերը բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի՝ պատկերը հետևյալն է. Մինչև 150 000դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536, 150 հազարից մինչև 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874:
Ըստ հաստատված տվյալների՝ այս մարդկանց խմբին նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա օգոստոս վճարվել է 22 մլրդ 150 միլիոն դրամ աշխատավարձ, այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է:
Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողներն այս ընթացքում վճարել են ավելի քան 6 մլրդ դրամ եկամտային հարկ:
4. Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 347, 8 միլիոն դրամով կամ 9,6 տոկոսով:
5. 2019 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 76,4 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 35,8 տոկոսով: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 208,6 մլրդ դրամով կամ 21,4 տոկոսով ավելի առևտրաշրջանառություն:
6. Այս տավա հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից սեփական բյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր: համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ դրամի մուտքեր: Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս կամ 64 մլրդ դրամ»,- նշեց Ն. Փաշինյանը։
1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զգալիորեն ավելացել է պետական բյուջե վճարված հարկերի թիվը։
Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջիկ կիսամյակի համեմատությամբ վճարել է 2․8 մլրդ դրամով կամ 58 տոկոսով ավելի հարկ, «Յուքոմ» ընկերության վճարված հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամով կամ 26 տոկոսով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը՝ 0․7 մլրդ դրամով կամ 37 տոկոսով, «Սպայկա» ընկերությունը՝ 1․4 մլրդ դրամով կամ 117 տոկոսով, «Սաս Գրուպ» ընկերությունը՝ 0․9 մլրդ դրամով կամ 82 տոկոսով, «Մաքս Պետրոլ» ընկերությունը՝ 4․9 մլրդ դրամով կամ 20 տոկոսով, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 2․1 մլրդ դրամով կամ 10 տոկոսով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ 1․3 մլրդ դրամով կամ 20 տոկոսով։
7. Այս տարվա հուլիսի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24 հազար 500-ով: Այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում գրանցվել են 20 հազար 356 նոր տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 15 հազար 614 ԱՁ, 4 հազար 653 ՍՊԸ-ը, 89 ՓԲԸ:
8. «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: Որոշումը հիմնված է «Մուդիզի» այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի ընդլայնվող դիվերսիֆիկացումը՝ զուգակցելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը: «Մուդիզն» իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր:
Հատկապես կարևորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ և հանդիսանում է գիտելիքահեն տնտեսության ուժեղ հիմք:
9. Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել, մասնավորապես՝ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59,5 տոկոսով, Չինաստանից՝ 53, 5, Նիդեռլանդներից՝ 34,9, Շվեյցարիայից՝ 30, Հունաստանից՝ 29, ԱՄԷ-ից՝ 29,7, Իտալիայից՝ 24,4, Շվեդիայից՝ 19 տոկոսով:
Ընդհանուր առմամբ՝ այս տարի կա զբոսաշրջության 12,8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով՝ նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են 200 միլիոն դրամ: