Լյովա Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում հստակ հիմնավորմամբ. փաստաբան
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը կկալանավորվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հայտնել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների որպես մեղադրյալ են ներգրավվել Լյովա Սարգսյանը, ինչպես նաև ծրագրի ենթակապալառու ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանները։
Լյովա Սարգսյանի փաստաբան Ամրամ Մանուկյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար առնվազն տարակուսելի է դատարանի նման որոշումը․ «Լյովա Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում հստակ հիմնավորմամբ, որ այն փաստերը, որոնք մեղսագրվել են իրեն առնչություն չունի, որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ նկարագրված փաստերին։ Միայն այն փաստը, որ նույն անձի վերաբերյալ կալանավորման երկրորդ որոշումն է կայացվել ես այդ իրողության վերաբերյալ առնվազն իմ տարակուսանքն եմ հայտնում։ Այն իրավաչափ նպատակը, որը նախատեսված է քրեական դատավորության օրենսգրքով, ինչ նպատակով է ընտրվում խափանման միջոցն ընդհանրապես, այդ նպատակին արդեն իսկ հասել են վարույթն իրականացնող մարմինները առաջին քրեական գործում, այսինքն՝ առկա է եղել կալանավորման որոշում։ Ես ուզում եմ արձանագրել, որ ավելի խիստ կալանավորում քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում։ Այսինքն այդ հարցով միջնորդությունն արդեն իսկ սպառված է եղել»։
Դիտարկմանը, թե Լյովա Սարգսյանը կարծիք հայտնե՞լ է հարուցված քրեական գործերի վերաբերյալ, արդյո՞ք քաղաքական ենթատեքստ տեսնում է, փաստաբանն արձագանքեց․«Ես քանի որ չունեմ Լյովա Սարգսյանի տեսակետը, չեմ մեկնաբանի»։
Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում են օրենքով չարգելված բոլոր միջոցներով շարունակել Լյովա Սարգսյանի իրավունքների պաշտպանությունը։ Դատարանի որոշումը ստանալուց հետո փաստաբանը պատրաստվում է այն քննարկել Լյովա Սարգսյանի հետ՝ հետագա քայլերի հաջորդականությունը որոշելու համար։
Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործով պարզվել է, որ Լյովա Սարգսյանը, Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, իրական ազդեցություն է ունեցել 250մլն. ԱՄՆ դոլար արժողության Ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում և գործելով վերը նշված անձանց հետ, ձեռք բերված նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ օգտագործել է իր իրական ազդեցությունը՝ իրավաբանական անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչության համար, որը կատարելու համար միջնորդի միջոցով կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է վճարել աշխատանքների կատարումից ակնկալվող շահույթի 50 տոկոսը, որի ստացումը կազմակերպել է փողերի լվացման միջոցով։