«Տհաճ է, որ իմ երկրի վարչապետն այնքան անլուրջ է ընկալվում, որ Մարիա Զախարովան նրան իր տեղն է փորձում ցույց տալ». Աշոտյան
«Ռուսաստանի իշխանական վերնախավը Փաշինյանին դիտում է՝ որպես ժամանակավոր ֆիգուր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վերջին զարգացումների քողի ներքո հայ-ռուսական հարաբերություններին:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական, անվտանգային հարաբերությունների համար հայ-ռուսական հարաբերություններն անկյունաքարային են: Ուստի, ըստ նրա, սա է պատճառը, որ ցանկացած կնճիռ, ցանկացած խոց, նստվածք, որ մնում է այդ հարաբերություններում, նման բուռն արձագանքի ու քննարկման առարկա է դառնում, որովհետև այդ հարաբերությունները, այո, կենսական են:
«Այս իշխանությունները մինչև իշխանություն զավթելն ունեին ընդգծված հակառուսական կեցվածք, և որքան էլ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարումից հետո փորձեց փոխել իր տոնայնությունը, ակնհայտ էր, որ ռուսական իշխանական վերնախավը չի հավատում այդ արցունքներին, չի հավատում այդ սիրո արցունքներին»,- ասաց Աշոտյանը:
Նա այն կարծիքին է, որ հայ-ռուսական հարաբերություններն ընդհանուր հիվանդ արտաքին քաղաքականության արտահայտումն են և ամենավտանգավոր կետը: «Ռուսաստանի գործող իշխանություններն ունեն բավարար հմտություն, իմաստնություն, որպեսզի իրենց պատասխանները չլինեն անմիջական և զգացմունքային, նրանք սովորել են՝ ինչպես վերաբերվել այս հարցերին և ինչպես տալ արձագանք, որը կլինի ցավոտ ու կշռադատված: Իրենք նաև շատ լավ հասկանում են՝ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, դեռ հայ ժողովուրդը չէ, Ռուսաստանում կա Հայաստանի ու հայ ժողովրդի ջերմ և եղբայրական ընկալումը, իհարկե, սեփական շահերի դիտարկմամբ: Եվ այդ ընկալումների մեջ իրենք Փաշինյանին դիտում են՝ որպես ժամանակավոր ֆիգուր, որը թանի սափորի մեջ ընկած՝ չի կարող փչացնել ամբողջը՝ դարավոր և հատկապես վերջին շրջանում կուտակված կապիտալը»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Աշոտյանը հույս հայտնեց, որ Ռուսաստանը կշարունակի տարանջատել Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության նկատմամբ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքից, քանի որ, նրա համոզմամբ, հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային անվտանգության շրջանակներում Հայաստանի համար կենսական կարևորություն ունի այս դաշինքի գոյությունը:
Խոսելով նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի դիտարկումների մասին, թե շատ դժվար է հետ բերել կամ վերադառնալ բանակցային գործընթացի նախկին դիրքերին այն հայտարարություններից հետո, որոնք կարող են հավասարակշռությունից հանել բանակցային փխրուն գործընթացը, Արմեն Աշոտյանն ասաց, որ առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները համանախագահ երկրների կամ գերտերությունների աչքերում դառնում են խոցելի:
«Ինչ-որ մի երկրի՝ թեկուզ մեր ռազմավարական դաշնակցի, նախարարության մամլո խոսնակը մեր երկրի վարչապետին, կոպիտ ասած, տեղն է դնում: Որպես քաղաքական ընդդիմախոս՝ ես կարող եմ ներքուստ հրճվել, բայց որպես ՀՀ քաղաքացի՝ ինձ տհաճ է, որ իմ երկրի վարչապետն այնքան խոցելի է, այնքան անլուրջ է ընկալվում, որ Մարիա Զախարովան Նիկոլ Փաշինյանին իր տեղն է փորձում ցույց տալ: Բա ամոթ չի՞ դա: Այսինքն՝ այդ մարդիկ տեսնում են, որ Նիկոլը, մնացածը՝ ջհանդամ, Ղարաբաղի հարցը դարձնում է PR-ի առարկա, ու ասում են. «Մի արա տենց»: Մեր արժանապատիվ քաղաքականությունը սա՞ է: Սա՞ է մեր ուղղված մեջքը: Սրանից վաղուց լավ հոտ չի գալիս»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
168.am