#AraratChallenge համաշխարհային շարժումը հազարավոր մարդկանց ոգեշնչել է բարիք գործել
«Ավրորան» իր երախտագիտությունն է հայտնում #AraratChallenge շարժման մասնակիցներին, որոնք ձգտում են փոխել աշխարհը։
Սեպտեմբերի 6, 2019 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր երախտագիտությունն է հայտնում #AraratChallenge համաշխարհային շարժում-հանգանակության մասնակիցներին, որոնք ամիսը մեկ դոլար կամ ավելի նվիրատվություն են կատարել՝ երկրորդ հնարավորություն ընձեռելով աշխարհի ամենախոցելի մարդկանց: Շարժման մեկնարկից ի վեր 25 երկրից 2035 մարդ միացել է #AraratChallenge շարժմանը՝ նվիրաբերելով 77.070 ԱՄՆ դոլար և հույսի ու մեծահոգության ուղերձ սփռելով աշխարհում: Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր մասնակցել են շարժմանը, եւ բոլորին կոչ ենք անում միանալու մեզ:
#AraratChallenge շարժման մասնակիցները պարզ քայլեր են ձեռնարկում՝ ստեղծելու իրենց #AraratChallenge տեսաուղերձը եւ իրենց ընկերներին առցանց հաղորդակից դարձնելու դրան: Այդ կերպ նրանք ուրիշներին ևս ոգեշնչում են որդեգրելու մարդասերների հաջորդող սերունդներին զորացնելու «Ավրորայի» առաքելությունը և միանալու այն շարժմանը, որը երկրորդ հնարավորություն է ընձեռում մեզնից ամենախոցելիներին։
« «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ #AraratChallenge շարժումն ստեղծվել են, որպեսզի երկրորդ հնարավորություն տան այսօր կարիքի մեջ գտնվողներին: Հազարավոր մարդիկ արդեն իսկ ներգրավվել են #AraratChallenge շարժման մեջ՝ իրական եւ շոշափելի փոփոխություն մտցնելով աշխարհի բազմաթիվ համայնքներում: Հույս ունենք, որ հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր մարդիկ կմիանան գործով արտահայտվող երախտագիտության այս շարժմանը եւ կօգնեն մարդկայնություն արթնացնելու այսօրվա կարիքավորների կացության հանդեպ», – ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
#AraratChallenge շարժման միջոցով հավաքված բոլոր նվիրատվությունները հատկացվելու են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերին՝ աջակցելու օգնության կարիք ունեցողներին: «Ավրորայի» ծրագրերն ուղղված են աղքատության հաղթահարմանը, առողջապահության բարելավմանը եւ կրթության ապահովմանը բոլոր մայրցամաքներում: Իր շարունակական աջակցության շնորհիվ «Ավրորան» արդեն կարողացել է օգնել աղքատության մեջ գտնվող եւ հակամարտություններից տուժած շրջաններում բնակվող ավելի քան 850.000 մարդու՝ 15 երկրներում իրականացնելով 23 ծրագիր, որոնց 43 տոկոսն ուղղված է եղել երեխաների բարօրությանը։
«#AraratChallenge շարժումը բացառիկ դարձնողը դրա իսկապես համաշխարհային բնույթն է: Ամբողջ աշխարհից մարդիկ արձագանքում են կարիքավորներին օգնելու այս շարժմանը՝ միանալով #AraratChallenge-ին: Եվ դա անում են՝ հավատարիմ մեկ միասնական մարդկային ոգուն: Սա մեր հավաքական խղճի եւ վճռականության վկայությունն է: Վստահ եմ՝ այն յուրաքանչյուրին կներշնչի մասնակցելու #AraratChallenge շարժմանն իրենց նվիրատվություններով եւ ակտիվությամբ», – ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:
«Ավրորան» քարոզարշավ է սկսում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում՝ կոչ անելով յուրաքանչյուրին եւ հատկապես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին միանալու շարժմանն իրենց տեսաուղերձներով եւ նվիրատվություններով: #AraratChallenge շարժման առանցքում Արարատ լեռն է՝ որպես փրկության եւ վերածննդի համամարդկային խորհրդանիշ: Շարժումը հայերին, որոնց նախնիներին Հայոց ցեղասպանության ժամանակ փրկել են նաեւ օտար մարդիկ, եւ խաղաղության ու բարօրության պայմաններում ապրող բոլոր երջանիկ համայնքներին հնարավորություն է տալիս Երախտագիտությունն ի գործ դնելու եւ աշխարհը հետագա սերունդների համար ավելի ապահով վայր դարձնելու։
«Նոյի պատմությունն ու Արարատ լեռը դարձել են փրկության եւ երկրորդ հնարավորության խորհրդանիշ համայն մարդկության համար: Մենք երախտապարտ ենք եւ երջանիկ՝ տեսնելով, թե ինչպես են հազարավոր մարդիկ միանում #AraratChallenge շարժմանը, քանի որ ուզում են օգնել ուրիշներին եւ մեր աշխարհը դարձնել ավելի լավ, ավելի մարդկային մի վայր: Դա մեր բոլորի գործն է: Միացեք մեզ եւ աշխարհը դարձրեք ավելի լավը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Շարժման համար ստեղծված բոլոր տեսաուղերձները, ինչպես նաեւ #AraratChallenge-ի մասին մանրամասները կարող եք գտնել այստեղ:
***
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն իրենց փրկողների: Այն ձգտում է հնարավորություն տալու մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւելու նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, և այդպիսով շարունակելու մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի հիշատակ ութ տարի՝ 1915-1923 թթ. տեւած Հայոց ցեղասպանության) աջակցելու մարդկանց, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Այդ նպատակն իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի՝ «Ավրորա» մրցանակի, Aurora Dialogues քննարկումների շարքի, «Ավրորա» մարդասիրության ցուցիչի, Երախտագիտության նախագծերի եւ 100 LIVES նախաձեռնության օգնությամբ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, հենվելով վիրաբույժի, վետերանի, մարդասիրական գործունեության եւ 2017 թ. Ավրորա մրցանակակրի իր փորձառությունների վրա, սփռելու է «Ավրորայի» «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ։ Նախաձեռնությունը ողջունում է բոլոր նրանց, ովքեր ստանձնում են համընդհանուր մարդկայնության շուրջ միավորվելու պարտավորությունը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 LIVES հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):
Ավելին. www.auroraprize.com