Սերժ Սարգսյանի ձերբակալման քաղաքական որոշումը ոչ թե կասեցվել է, այլ սառեցվել է
Մոտ երկու շաբաթ առաջ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հարցազրույց էր տվել ու կանխատեսել, որ Սերժ Սարգսյանին կարող է շուտով ձերբակալեն։ «Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար»,-ասել էր նա։ Ապա ՀՀԿ-ականները մեկը մյուսի հետևից սկսեցին «ավետել», թե շուտով Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ համացանցում աղմուկ բարձրացնելով։ Բայց դա տեղի չունեցավ։ Փոխարենը ԱԱԾ-ն ձերբակալեց Սերժ Սարգսյանի իշխանության ամենակարկառուն ու ամենամիլիոնատեր պաշտոնյաներից մեկին՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ թերևս փորձելով դրանով շեղել հանրության ուշադրությունը Ամուլսարի թեմայից։ Բայց, ըստ տեղեկությունների, իշխանությունները, իրականում, ամենավերին օղակների մակարդակով Սերժ Սարգսյանին ձերբակալելու քաղաքական որոշում ունեին կայացրած, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք հետ կանգնեցին դրանից։ Ասում են, որ հենց փեսայի՝ Միքայել Մինասյանի բարձրացած աղմուկն ու կանխատեսումը դեր խաղաց, որ իշխանությունները հետ կանգնեն իրենց մտադրությունից կամ գոնե առժամանակ կասեցնեն Սերժ Սարգսյանին ձերբակալելու որոշումը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ է համարում, որ կար իրենց կուսակցության ղեկավարին ձերբակալելու քաղաքական որոշում, և որ իրենց բարձրացրած աղմուկի պատճառով էր, որ դա տեղի չունեցավ։
«Քանի որ մենք առաջինը սկսեցինք խոսել այդ մասին, իշխանությունները զրկվեցին մի կարևոր խաղաքարտից, այն է՝ անսպասելիության էֆեկտը, որը կորավ, հասարակությունը մեր ինտենսիվ տեղեկատվական աշխատանքի շնորհիվ սկսեց ակտիվ քննարկել այդ թեզը, մարդկանց զգոնությունը բարձրացավ, և այլևս այս պահին Սերժ Սարգսյանին ձերբակալելով՝ Նիկոլ Փաշինյանը չէր կարող լուծել իր մեգախնդիրը, այն է՝ շեղել մարդկանց ուշադրությունը Ամուլսարի և այլ աղմկահարույց հարցերից»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։
Մեր հարցին՝ այս պահին էլ դեռ կա՞ Սերժ Սարգսյանին ձերբակալելու վտանգ, Աշոտյանն ասաց․ «Ակնհայտ է, սակայն, որ Սերժ Սարգսյանին ձերբակալելու ռիսկը այս պահին չեզոքացվել է, ոչ թե վերացվել ամբողջությամբ։ Ինձ համար տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է դիմել այդ քայլին՝ ևս մեկ անգամ փորձելով իր համար ֆորսմաժորային իրավիճակում շեղել մարդկանց ուշադրությունը և ապահովել հերթական քարոզչական շոուն։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի ձերբակալման քաղաքական որոշումը ոչ թե կասեցվել է, այլ սառեցվել է, և կարծում եմ՝ նա նորից կփորձի դիմել այդ քայլին իր համար հերթական ֆորսմաժորային իրավիճակում»։