Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հայրենի Իջեւանում քաղաքապետի պաշտոնը տալ իր քավորին. Հրապարակ
Իջեւանյան ընտրությունները գրավել են հանրության ուշադրությունը։ Բանն այն է, որ վերջին անգամ այստեղ քաղաքապետ են ընտրել 2015-ի սեպտեմբերին, ու հերթական ընտրությունը չորս տարի անց ենթադրվում էր, որ կրկին սեպտեմբերին է անցկացվելու։
Մինչդեռ հուլիսի կեսերին՝ իջեւանյան ճակատամարտի թեժ օրերին, երբ ծառահատումների թեմայով բողոքի ակցիաների մասնակից իջեւանցիների դեմ ոստիկանական ծեծող-ջարդող բրիգադներ էր իշխանությունը ուղարկում, մարզպետն ընդունեց որոշում՝ ընտրություններն անցկացնել ոչ թե սեպտեմբերին 29-ին, այլ ԿԸՀ-ի սահմանած հերթական ընտրության ժամանակացույցի հաջորդ ժամկետին՝ դեկտեմբերի 8-ին։ Ինչն էլ դարձավ տարատեսակ քննարկումների առիթ, որ իշխանությունները հետաձգում են ընտրությունները՝ նկատի ունենալով, որ իջեւանյան դեպքերից հետո Փաշինյանի դիրքերը թուլացել են, ու ժամանակ շահելու խնդիր կա։
Սակայն պարզվում է՝ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 22-ին, չնայած որ չորս տարի առաջ սեպտեմբերին են տեղի ունեցել հերթական ընտրությունները, բայց Ղալումյանը պաշտոնը ստանձնել է ավելի ուշ, երբ լրացել է նախորդի ժամկետը։
Իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության օրը պետք է լինի մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: Ասել է թե՝ դեկտեմբերի 8-ն ավելի մոտ է դեկտեմբերի 22-ին, քան սեպտեմբերի 29-ը։
Ի դեպ, խոսակցությունները, որ մինչ հերթական ընտրությունների կայանալը, նաեւ համայնքների խոշորացում կարվի, եւ Տավուշի մարզի գրեթե միակ չխոշորացված համայնքին՝ Իջեւանին, կմիավորվեն այլ համայնքներ, կարծես թե առարկայական չեն։
Տարածքային կառավարման մեգանախարարության մամուլի խոսնակն այս առթիվ մեզ հայտնեց, որ հստակ որոշում չկա՝ կլինի՞ Իջեւանի խոշորացում, թե՞ ոչ։ Թեեւ ասաց, որ գործընթացը շարունակվում է։
«Հայաստանի համայնքների միություն» ՀԿ նախագահ Էմին Երիցյանը, անդրադառնալով Իջեւանի ընտրություններին, ասաց, որ այս դեպքում օրենքի խախտում չկա, իսկ խոշորացման ծրագրի մասին էլ իր տպավորությունները կիսեց մեզ հետ, թե իշխանությունների օրակարգում ինքը նման գործընթաց չի տեսնում։
Տավուշից ընտրված «Իմ քայլի» պատգամավոր, Փաշինյանի մոտ ընկեր Վահե Ղալումյանը նույնպես հայտնեց, որ խոշորացում, ամենայն հավանականությամբ, մինչ տարեվերջ տեղի չի ունենա․ «Իմ կարծիքով՝ նման գործընթաց չի լինի, թե ինչու՝ ավելի մանրամասն կարող եք նախարարությունից ճշտել»։
Իսկ նախարարությունն ու խոշորացման համար պատասխանատուները կարծես մոռացել են, որ այդպիսի գործընթաց կար երկրում, որ իրենք հայտարարել են, թե դա ավարտին են հասցնելու՝ ծալել-դրել են մի հեռավոր դարակում ու մոռացել այդ մասին։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հայրենի Իջեւանում քաղաքապետի պաշտոնը տալ իր ընկեր եւ կնքահայր Հայկ Ղալումյանին, որը պատգամավոր Վահե Ղալումյանի հարազատ եղբայրն է։ Հայկ եւ Վահե Ղալումյանները գործող քաղաքապետի հեռավոր ազգականներն են, բայց Փաշինյանի մանկության ընկերները:
Հայկ Ղալումյանն այժմ Հայէկոնոմբանկի մարզային մասնաճյուղի կառավարիչն է։ Եղբոր առաջադրման հավանականության մասին իմքայլական պատգամավորն ասաց․ «Նման խոսակցություններ կան, բայց դեռ ոչինչ որոշակի չէ»։ Ապագա քաղաքապետացուն, ըստ եղբոր, ամիսներ առաջ դիմում է գրել «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցելու համար, սակայն, ինչպես հազարավոր դիմումներ, դեռեւս նրա դիմումը չի քննարկվել։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: