02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հասարակության եկամուտները չեն ավելանում. 168.am

Գյուղատնտեսությունը դարձել է Հայաստանի տնտեսության աքիլլեսյան գարշապարը։ Երբ այն հանում ենք ցուցանիշներից, տնտեսության վիճակագրական պատկերը բարելավվում է, իսկ երբ ներառում ենք, սկսում է վատանալ։

Ու դա զարմանալի չէ, որովհետև կառավարությունն առայժմ չի կարողանում գտնել գյուղատնտեսությունն անկումից դուրս բերելու տարբերակը։ Ինչպես հայտնի է, առաջին կիսամյակում տնտեսության այս ճյուղում գրանցվեց արտադրության ծավալների 7,4 տոկոս կրճատում։ Դրա հետևանքով տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազեց։

Արդեն յոթ ամիսներին, երբ Վիճակագրական կոմիտեն տնտեսական ցուցանիշներից դուրս է թողել գյուղատնտեսությունը (Հիշեցնենք, որ գյուղատնտեսությունը եռամսյակային կտրվածքով է ներկայացվում), տնտեսական ակտիվությունը դարձյալ ավելացել է։ Ճիշտ է, այն չի հասել նախկին մակարդակին, բայց 0,3 կետով բարելավվել է։

Օպետրատիվ տվյալներով՝ տարեսկզբի 7 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,8 տոկոս։ Ճիշտ այնքան, որքան Վիճակագրական կոմիտեն գնահատել է տարվա առաջին կեսի տնտեսական աճը։

Եթե հավատալու լինենք հրապարակված ցուցանիշներին, ապա հուլիսին Հայաստանի տնտեսությունը գտնվել է բավական ակտիվ վիճակում։ Ակտիվության աճը նախորդ տարվա համեմատ՝ հասել է 8,1 տոկոսի։ Մի բան, ինչն արտահայտվել է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ էներգետիկայի, որտեղ անկումը պահպանվել է։

Չնայած էներգետիկայում դա նոր երևույթ չէ։ Տարվա սկզբից արձանագրվում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նվազում։

Թեև այդ միտումը պահպանվել է նաև հուլիսին, այնուհանդերձ դա չի խանգարել, որպեսզի արդյունաբերությունն այս տարվա համար ռեկորդային աճ գրանցի։ էլեկտրաէներգիայի արտադրության 2,2 տոկոս կրճատման պայմաններում` Վիճակագրական կոմիտեն արդյունաբերության ավելի քան 16 տոկոս աճ է արձանագրել։ Թերևս, դա էլ հանգեցրել է նրան, որ տարվա կտրվածքով արդյունաբերության աճը ևս մի քանի կետով առաջադիմի։ Այն այլևս հասել է 8,4 տոկոսի՝ առաջին կիսամյակի 6,9 տոկոսի դիմաց։

Թե դա ինչի՞ հաշվին է եղել, դեռ ժամանակ կլինի անդրադառնալու։ Ամեն դեպքում, էներգաարտադրության ծավալների անկման պայմաններում, արդյունաբերության վերելքը մի տեսակ անտրամաբանական է թվում։ Բայց դա Հայաստանում այլևս զարմանալի չէ։

Պատահական չէ, որ վիճակագրորեն տնտեսությունն ակտիվանում է, իսկ իրական կյանքում դա չի զգացվում։ Տնտեսական զարգացումները՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա, շրջանցում են հասարակության հիմնական զանգվածներին։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ կառավարությունը խոստացել է տնտեսական աճի արդյունքները հասանելի դարձնել բոլորին։

Մասնավոր հատվածում միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ՝ ավելացել է ընդամենը 4,1 տոկոս։ Անցած տարի աճի տեմպը այս ոլորտում նույնիսկ ավելի բարձր էր և հասնում էր 4,8 տոկոսի։ Այն զգալիորեն գերազանցում էր պետական համակարգում միջին աշխատավարձի աճին։

Այնինչ, այս տարի հակառակն է` պետականում աշխատավարձերն ավելի արագ են սկսել ավելանալ, քան մասնավորում։ Պատճառն այն է, որ պետական համակարգն ամուր նստել է պարգևավճարների վրա։ Ու չնայած առկա դժգոհություններին, կառավարությունը չի ուզում ոչ մի քայլ նահանջել։

Ոչինչ, որ հասարակության հիմնական մասի եկամուտները չեն ավելանում, կարևորը՝ վիճակագրորեն լավ է։ Տնտեսության մեջ կան նույնիսկ ոլորտներ, որտեղ աճը երկնիշ է։

Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է ծառայություններին։ Աճն այստեղ գերազանցում է 15 տոկոսը, որի գործում մեծ դեր ունի հատկապես խաղային բիզնեսը։

Ներքին առևտուրը ևս պակաս աշխուժ չէ՝ ըստ վիճակագրական ցուցանիշների։ Աճը կազմում է 8,9 տոկոս։ Թեև, ինչպես փաստում են փորձագետներն ու ոլորտում զբաղվածները, առևտրի ոլորտում իրականում իրացման շրջանառությունները նույնիսկ նվազել են։ Իսկ արձանագրվող աճերը հիմնականում տնտեսությունը ստվերից դուրս բերելու արդյունք է։

Իսկ թե ինչի՞ արդյունք է արտաքին առևտրի շրջանառության աշխուժացումը, դեռ պետք է պարզել։ 7 ամիս պահանջվեց կառավարությունից` արտաքին առևտրի ոլորտում անկումը կասեցնելու համար։ Ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումն այլևս առաջանցիկ են։ Արտահանումը ավելացել է՝ 3, ներմուծումը` 1,9 տոկոսով։

Թե դրանում ի՞նչ դեր է ունեցել ավտոմեքենաների առք ու վաճառքը, այս պահին դժվար է ասել։ Հայտնի է սակայն, որ արտաքին առևտրի և հատկապես արտահանման ցուցանիշների բարելավման համար ժամանակին կառավարությունը լուրջ հույսեր էր կապում ավտոմեքենաների ներմուծման և ԵԱՏՄ այլ երկրներ արտահանելու հետ։

Մի քանի ամիս առաջ վարչապետը դժգոհում էր, որ տրանսպորտային միջոցների արտահանումը լիարժեք չի ձևակերպվում։

«Մեր արտահանման մի մասը պատշաճ ձևով չի ձևակերպվում և արտահայտվում մեր վիճակագրության մեջ»,- Ազգային ժողովում նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետության քննարկումների ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Դեռ այն ժամանակ պարզ էր, որ արտահանման ոլորտում շուտով ինչ-որ բան է փոխվելու։ Եվ դա շատ չուշացավ։ Արտահանման ցուցանիշները հունվար-փետրվար-մարտ ամիսների բավական կտրուկ անկումից հետո սկսել են նույնքան կտրուկ ավելանալ։ Հուլիսին արտահանման աճը հասել է 19,5 տոկոսի։ Արդյունքում` այն այլևս անկումային չէ։ Ու էական չէ, թե դա ինչի հաշվին է եղել։ Կարևորը՝ կառավարությունը հպարտանալու ևս մեկ առիթ կունենա։

Մի բան, ինչը դժվար է ասել շինարարության մասով։ Շինարարության աճի տեմպը, 7 ամիսների արդյունքներով, ևս մի փոքր հետ է գնացել։ Եթե առաջին կիսամյակում աճը 4,7 տոկոս էր, ապա այժմ դարձել է 4,5 տոկոս։ Իրավիճակը չի փրկել նույնիսկ հուլիսին ոլորտում գրանցված արտադրության ծավալների ավելացումը։

Պաշտոնապես հրապարակված ցուցանիշները փաստում են, որ Հայաստանի տնտեսությունն աճում է։ Բայց անկախ նրանից` ինչպիսին կլինեն վիճակագրական աճերը, կարևորն այն է, թե դա ինչպես է արտահայտվում հասարակության սոցիալական վիճակի վրա։ Այստեղ, սակայն, վիճակագրությունն անզոր է ոչինչ փոխել կամ սրբագրել այնպես, ինչպես անում է տնտեսական ցուցանիշների դեպքում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ