Կրակոցներ Երեւանում: Հարձակվել են գործարարի ընտանիքի վրա
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 11-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցների փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ Շահումյան 3-րդ փողոցի թիվ 23 տան դիմաց Շահումյան 3-րդ փողոցի 21 տան բնակիչ, 64-ամյա Նորիկ Խաչատրյանը, նույն հասցեի բնակիչ, 39-ամյա Ա. Խաչատրյանը, Արարատյան 1-ին զանգվածի բնակիչներ, 46-ամյա Արսեն Ավագյանը, 42-ամյա Արմեն Հունանյանը վիճաբանել են Շահումյան 3-րդ փողոցի 23 տան բնակիչ, 49-ամյա Հրայր Անտոնյանի, նրա կնոջ՝ նույն հասցեի բնակիչ, 45-ամյա Նաիրա Նավասարդյանի և նրանց որդու՝ նույն հասցեի բնակիչ, 19-ամյա Գեղամ Անտոնյանի հետ:
Պարզվել է նաև, որ վիճաբանության արդյունքում երկուստեք տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, իսկ այդ ընթացքում Հ. Անտոնյանի աղջիկը՝ 26-ամյա Ջուլյետա Անտոնյանը իր մոտ եղած «ՌՅՈՄ» տիպի գազային ատրճանակով 2 անգամ օդ է կրակել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են 2 պարկուճ և մեկ փամփուշտ: Ջ. Անտոնյանը ոստիկաններին է ներկայացրել գազային ատրճանակը:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Անտոնյանը աշխատում է «Անտոնյան Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն, Գ. Անտոնյանն էլ՝ նշված ՍՊԸ-ի գործադիր տնօրեն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: