Ռուսաստանը պատրաստակամ է շարունակել ջանքերը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում. Սերգեյ Նարիշկին
![](https://henaran.am/wp-content/uploads/2012/07/Нарышкин.jpg)
“ՌԴ եւ ՄԽ ջանքերն ուղղված են նրան, որ արդեն մոտ ապագայում հակամարտող կողմերը կարողանան հաղթահարել պահպանվող տարաձայնությունները եւ միմյանց ընդառաջ քայլ կատարեն”,-այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ ԳԱԱ նախագահության եւ գիտնականների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
“Ամուր խաղաղության հաստատման գործում օժանդակելու ՌԴ անկեղծ ցանկության մասին ՌԴ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է: Մենք ամուր կանգնած ենք այդ դիրքորոշման վրա եւ հուսով ենք, որ մոտ ապագայում ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում դրական տեղաշարժ կնկատվի”,-շարունակեց Սերգեյ Նարիշկինը:
ՌԴ Դաշնային ժողովի պետդումայի նախագահը շեշտեց, որ Ռուսաստանը պատրաստակամ է հետագայում եւս իր միջնորդական ներդրումն ունենալ խնդրի փոխընդունելի քաղաքական լուծման համար: