Աղդամի ազատագրումը բեկումնային պահ էր ղարաբաղյան պատերազի ընթացքում. պատմաբան
“Աղդամի ազատագրումը բեկումնային պահ էր ղարաբաղյան պատերազի ընթացքում”,-հայտարարեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը` լրագրողների հետ հանդիպմանը` խոսելով Աղդամի ազատագրման եւ դրա պատմական ու ռազմաքաղաքական նշանակության մասին:
Աղդամն ազատագրվել է 1993-ի հուլիսի 23-ին` հյուսիսային, հարավային եւ կենտրոնական ուղղություններով գրոհ կազմակերպելու արդյունքում: Աղդամի ազատագրման գործողությունը մշակել է ԼՂՀ ՊՆ հրամանատար Սամվել Բաբայանը: Ինչպես նշեց պատմաբանը, Աղդամի բնակչությունը պատմականորեն հայեր են եղել, սակայն այնուհետեւ այդ տարածքները բնակեցվել են ադրբեջանցիներով:
Բանախոսն ընդգծեց այն փաստը, որ Աղդամի գրավումով կոտրվեց Ադրբեջանի ողնաշարը, դիմադրողականությունը եւ մարտի դաշտից թշնամին փախուստի դիմեց, քանի որ Աղդամն Ադրբեջանի համար ազգայնամոլության կենտրոն էր եւ զինամթերքի պահեստարան: Պատմաբանը կարծում է, որ հենց դրանից հետո էլ թշնամին չկարողացավ վերադասավորվել եւ ակտիվ գործողությունների դիմել, ինչի արդյունքում էլ կործանվեց:
“Շուշիի ազատագրումից հետո Աղդամի ազատագրումը 2-րդ վճռական հարվածն էր թշնամու համար, նա կորցրեց դիմադրողականությունը եւ հաղթանակը մեր կողմն անցավ”,-նշեց Էդիկ Մինասյանը` հավելելով միջազգային տեսաբանների վերլուծությունները, որոնք ունեն նույն դիրքորոշումը: