23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիմա ի՞նչ ուտեն աղքատները՝ թող Նիկոլ Փաշինյանն ասի. 168 Ժամ

Պաշտոնական տվյալներով՝ գնաճը Հայաստանում արտաքուստ բարձր չէ` ընդամենը 2,5 տոկոս։ Սա հունիսի ցուցանիշն է՝ նախորդ տարվա հունիսի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը Հայաստանում աճել է 6,5 տոկոսով։

Այսինքն` աշխատավարձն ավելի առաջանցիկ աճ է գրանցել, քան գնաճը։

Թվում է, թե այս պայմաններում երկրում սոցիալական վիճակը պիտի բարելավվեր, մարդիկ սկսեին ավելի լավ ապրել։ Սակայն այդպես չէ։ Ու դրանում դժվար չէ համոզվել` փոքրիկ հարցախույզ անցկացնելով փողոցում։ Քաղաքացիների մեծ մասը կվկայի, որ ապրելու պայմաններն այս տարի ավելի դժվար են, քան նախորդ տարի էր։

Ինչո՞ւ է այդպես։ Այդպես է, որովհետև պաշտոնական գնաճը չի արտացոլում թանկացումների իրական պատկերը։ Ինչպես սովորաբար լինում է, թանկանում են հիմնականում այն ապրանքները, որոնք ավելի հաճախ են սպառվում։

Խոսքը, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների և, հատկապես՝ սննդամթերքի առանձին տեսակների մասին է։ Ասենք` կարտոֆիլը թանկացել է, կաղամբը թանկացել է, լոլիկը թանկացել է, վարունգը թանկացել է, բազմաթիվ այլ գյուղմթերքներ թանկացել են։ Փոխարենը` սխտորն էժանացել է, ճակնդեղն էժանացել է, գլուխ սոխն էժանացել է, խառը կանաչին էժանացել է։

Հիմա ի՞նչ ուտեն աղքատները` սխտո՞ր, ճակնդե՞ղ, գլուխ սո՞խ, թե՞ խառը կանաչի։

Սա այն հարցն է, որ ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացնում էր Կարեն Կարապետյանի կառավարության առջև։ Այժմ դրան պատասխանելու հերթն իրենն է։

Խնդիրն այն է, որ պաշտոնական գնաճի և թանկացումների իրական ազդեցությունը սպառողների վրա տարբեր է։ Երբեմն այդ տարբերությունը շատ մեծ է։

Ահա այդտեղ է թաքնված շան գլուխը, և դա է պատճառը, որ անգամ ցածր գնաճի պայմաններում երկրում սոցիալական վիճակը չի բարելավվում, մի բան էլ՝ վատանում է։ Մարդկանց եկամուտները շատ ավելի դանդաղ են աճում, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գները։

Այս առումով իշխանափոխությունից հետո շատ բան չի փոխվել։ Ու որքան էլ փորձ արվի տպավորություն ստեղծել, թե աշխատավարձերը բազմաթիվ ոլորտներում 10 տոկոսով, 20 տոկոսով բարձրացել են, այնուհանդերձ փաստն այն է, որ այդ բարձրացումն այնքան չէ, որ էական ազդեցություն ունենա սոցիալական վիճակի վրա։ 5 հազար, 10 հազար կամ նույնիսկ 20 հազար դրամն այն գումարը չէ, որ ազդի կենսամակարդակի վրա։ Լավագույն դեպքում՝ դա կարող է թուլացնել գնաճի ճնշումը, և՝ ոչ ավելին։

Այս պայմաններում ավելորդ է խոսել մարդկանց կյանքի որակի բարելավման մասին։ Իշխանափոխությունը չտվեց այն, ինչ ակնկալվում էր, ինչին մարդիկ հույսով ու հավատով սպասում էին։ Ինչքան էլ ընդունենք, որ միջին աշխատավարձի աճը Հայաստանում ավելի բարձր է, քան գնաճը, միևնույն է, դրանից շատ բան չի փոխվում։ Չի փոխվում, որովհետև Հայաստանում զբաղվածության մակարդակը շատ ցածր է։ Անգամ միջին աշխատավարձի այն աճը, որը կա, հարյուր-հազարավոր քաղաքացիների չի առնչվում։

Այսօր Հայաստանում առնվազն 200 հազար աշխատունակ քաղաքացի գործազուրկ է, աշխատավարձ չի ստանում, եկամուտ չի ունենում։ Ու ինչքան էլ միջին կամ նվազագույն աշխատավարձը բարձրանա, դրանից նրանց օգուտ չկա։ Բայց որպեսզի այդպես չլինի, հարկավոր է մտածել մարդկանց աշխատանքով ապահովելու մասին։ Ցավոք, այդ խնդիրը Հայաստանում ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ։ Պաշտոնական տվյալներով՝ գործազրկության մակարդակն իշխանափոխությունից հետո գուցե նվազել է, իսկ աշխատատեղերի քանակն ավելացել է, բայց միևնույն է, դրանից գործազրկության իրական պատկերը չի փոխվել, իսկ մարդկանց եկամուտները չեն ավելացել։

Աշխատատեղերի խնդիրը Հայաստանում շատ սուր է դրված։ Այս առումով թավշյա հեղափոխություն ասվածը ոչ միայն չփոխեց իրավիճակը, այլև մի բան էլ խորացրեց։ Ընդհակառակը` քաղաքական իշխանության թեթև ձեռքով բազմաթիվ քաղաքացիներ հայտնվեցին գործազուրկի կարգավիճակում։

Հիշենք նույն Ամուլսարը կամ Թեղուտը. նախկին աշխատակիցները հայտնվել են մի իրավիճակում, երբ ստիպված են լքել երկիրը` աշխատանք գտնելու հեռանկարով։

Իշխանափոխությունը տեսանելի ոչինչ չտվեց նաև նոր աշխատատեղերի ստեղծման առումով։ Այլ բան, թերևս, չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում տնտեսական կյանքը պասիվ է։ Աճ գուցե կա, բայց այն չէ։ Տնտեսության իրական հատվածում, որը կարող է պայմաններ ստեղծել նոր աշխատատեղերի ստեղծման համար, զարգացումները դանդաղ են։ Չկան ներդրումային լուրջ ծրագրեր, արտաքին կապիտալի հոսքերը, ավելանալու փոխարեն՝ նվազում են։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը, առավել ևս՝ տնտեսության իրական հատվածը, ֆինանսական միջոցների լուրջ կարիք ունի։ Կառավարությունն առայժմ չի կարողանում ներդրումներ գեներացնել այս ոլորտում։ Ամեն ինչ մի տեսակ ինքնահոսի է թողնված,  իշխանության ղեկավարները հույսը դրել են քաղաքացու վրա, որպեսզի հարստանա ու հարստացնի պետությանը։ Բայց քաղաքացին չունի այդ հնարավորությունը։

Բացի այն, որ Հայաստանում չափազանց բարձր է գործազրկության մակարդակը, ու բազմաթիվ քաղաքացիներ աշխատանք չունեն, կա նաև հասարակության մի մեծ զանգված, որի եկամուտները կապված չեն ո՛չ աշխատատեղերի, և ո՛չ էլ աշխատավարձերի հետ։ Խոսքը  թոշակառուների մասին է, որոնց թիվն անցնում է 500 հազարից։ Վերջին առնվազն երեք տարիներին Հայաստանում կենսաթոշակ չի բարձրացել։ Այնպես որ, անգամ չնչին գնաճը ենթադրում է, որ հասարակության այս խավի սոցիալական վիճակը պիտի վատանա։

Նույնն է նաև այն տասնյակ-հազարավոր անապահով ընտանիքների դեպքում, ովքեր հազիվ գոյատևում են սոցիալական չնչին նպաստների հաշվին։

Բնական չէ՞, որ այս պայմաններում, որքան էլ միջին աշխատավարձը գերազանցի նույնիսկ պաշտոնական գնաճը, անիմաստ է դրական փոփոխություններ սպասել հասարակության մեծ մասի կյանքում։ Կյանքը շատ ավելի արագ է թանկանում, քան ավելանում են եկամուտները։

Բացառություն չէ նաև այս տարին։ 2,5 տոկոս գնաճի պայմաններում սննդամթերքի գները գրեթե կրկնակի ավելի արագ են բարձրացել։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ երկնիշ գնաճ են ունեցել։

Վիճակագրական կոմիտեի դիտարկումները ցույց են տվել, որ այս տարի Հայաստանում բանջարեղենն ավելի քան 19 տոկոսով թանկ է նախորդի համեմատ։ Մրգերի գնաճն 8,6 տոկոս է։

Կարտոֆիլի գինը նախորդ տարվանից բարձր է գրեթե 75 տոկոսով, կաղամբինը` ավելի քան 26 տոկոսով։ Հունիսին լոլիկը` 40, վարունգը` 25, կանաչ լոբին` 24  տոկոսով թանկ են եղել նախորդ տարվանից։ Գազարի գնաճը՝ 37, ծաղկակաղամբինը` 33 տոկոսի է հասնում։ Ձուն թանկացել է ավելի քան 37 տոկոսով։ Մսամթերքի գնաճը 3,1 տոկոս է, հավի միսը թանկացել է գրեթե 15 տոկոսով։

Հետո՞ ինչ, որ սխտորը կամ ճակնդեղն ավելի էժան է։ Հիմա թող կառավարությունը որոշի, թե ո՞ր մթերքներն են ավելի շատ օգտագործում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ