22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե անգամ ամբողջ հասարակությունը մեղադրվի «հակահեղափոխական» տրամադրություններ ունենալու մեջ, տնտեսությունը չի զարգանում. Փաստ

Մայիս ամսվա ընթացքում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճ է գրանցել. ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.3%»,մասնավորապես գրել է նա:

Հայաստանի փոխվարչապետը, ըստ էության, էքսկլյուզիվ բացահայտումներ չի արել ու մեջբերել է վիճակագրական թվեր, որոնք երեկ հրապարակել է Վիճակագրական կոմիտեն՝ ներկայացնելով 2019թ. հունվար-մայիսի մակրոտնտեսական ցուցանիշները։

Ուշագրավ է, որ նման թվեր, որպես կանոն, հպարտությամբ ներկայացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կառավարության ձեռքբերումների մասին։ Այս անգամ Փաշինյանն այդ կարևոր «առաքելությունը» զիջել կամ վերապահել է իր տեղակալին։ Թերևս կարող ենք ենթադրել, որ վարչապետն իր համար այլևս ակտուալ չի համարում տնտեսական հեղափոխության թեման՝ կենտրոնանալով արդարադատության համակարգում խոստացված հեղափոխության վրա, որի բովանդակությունը, իհարկե, առայժմ սահմանափակվում է դատարանների մուտքերն արգելափակելու օպերացիայով, ԲԴԽ անդամների հրաժարականների «շքերթով» ու Վահե Գրիգորյանի «ինքնահռչակումով»՝ որպես ՍԴ նախագահ։

Կամ էլ՝ կարող ենք այլ հետևություն անել, որը, ի դեպ, ավելի արժանահավատ է թվում։ Չի բացառվում, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն այլևս չի հավատում տնտեսական հեղափոխությանը։ Այս ենթադրությունն ավելի հիմնավոր է թվում, որովհետև անցած մեկ տարում մարդկանց եկամուտների իրական ավելացում տեղի չի ունեցել, ինչքան էլ Փաշինյանն ու նրա կառավարության անդամները հակառակը պնդեն:

Ի վերջո, մարդկանց բարեկեցության ցուցիչը ոչ թե վիճակագրական թվերն են, որոնք ակնհայտորեն մանիպուլյատիվ բնույթ ունեն, այլ նրանց սառնարանների պարունակությունը։

Ի դեպ, եթե խոստումներին ու վիճակագրությանը հավատալու լինեինք, ապա դեռ նախորդ իշխանության տարիներին Հայաստանը պետք է դառնար տարածաշրջանի ֆինանսական կենտրոն կամ Սինգապուր։ Նախկին վարչապետները նույնպես ներկայացնում էին գեղեցիկ թվեր, որոնք նույնիսկ վկայում էին զարգացման ավելի մեծ տեմպերի մասին։ Տնտեսական հեղափոխություն կոչվածը շատ նման է այդ խոստումներին, եթե նույնիսկ տնտեսության ակտիվության երկնիշ թվեր ներկայացվեն։

Պարադոքսալ է, որ տնտեսական հեղափոխության մասին խոսում է մի կառավարություն, որը անցած մեկ տարվա ընթացքում չի փոխել անգամ տնտեսության կառուցվածքը, իսկ նախօրեին ընդունված Հարկային օրենսգիրքը կիսատ ու վիճահարույց լուծումների համախումբ է։

Երեկվա հոդվածում գրել էի, սակայն Ավինյանի գրառումից հետո դարձյալ կատարեմ նույն հարցադրումները։ Ինչի՞ հաշվին է ակտիվացել տնտեսությունը, եթե սահմանափակվել է ներկրումների ու արտահանումների ծավալը։ Նույնիսկ տնտեսագիտությունից հեռու մարդու համար է ակնհայտ, որ սրանք ցուցանիշներ են, որոնք իրապես բնութագրում են տնտեսության վիճակը։ Կամ՝ ինչպե՞ս է պատահում, որ խիստ «ակտիվացած» տնտեսությունը ավելի պակաս էլեկտրաէներգիա է ծախսում։

Ի դեպ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որի մասնագիտական ունակությունները կասկածի տակ չեն դնում անգամ նրա ընդդիմախոսները, արդեն հեգնանքով է խոսում կառավարության ներկայացրած վիճակագրական ցուցանիշների մասին։ «Հիշեցնեմ, 2019թ. հունվար-ապրիլը 2018-ի հունվար-ապրիլի նկատմամբ 7.1% էր։ Հարց՝ սա հնարավո՞ր է։

Նրան, ով նման բան կապացուցի, խոստանում եմ առաջարկել Նոբելյան մրցանակի նոմինանտ տնտեսագիտության ասպարեզում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բագրատյանը։

Իհարկե, անհեթեթությունը կարող է հասնել նրան, որ հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ամենաերկարակյաց վարչապետը մեղադրվի «հակահեղափոխական» տեսակետ արտահայտելու մեջ՝ նույն տրամաբանությամբ, ինչպես պիտակավորվում են այս իշխանությանը քննադատող բոլոր գործիչներն ու մասնագետները։ Սակայն դրանից իրականությունը չի փոխվում. եթե անգամ ամբողջ հասարակությունը մեղադրվի «հակահեղափոխական» տրամադրություններ ունենալու մեջ, Հայաստանի տնտեսությունն ոչ միայն հեղափոխական, այլ նույնիսկ՝ որակական զարգացում չի ապրում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ