Էնքան ասելիք ունեմ. Ռոբերտ Քոչարյանը ժամանեց ԱԱԾ /տեսանյութ/
Րոպեներ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանեց ԱԱԾ: Նա լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի դատարանի որոշումը, ասաց՝ բա՞ն եք սպասում ասելու.
«Կարծում եմ՝ դուք տեսել եք՝ ոչ օրենք կա, ոչ օրինականություն»:
Քոչարյանը հավելեց, թե շատ բան ունի ասելու և կասի:
Լեւոն Քոչարյանը՝ երկրորդ նախագահի կրտսեր որդին, գտնում է, որ իրենց աջակիցների կողմից դատավորներին վտանգ չի սպառնում: Լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե կա արդյո՞ք իրենց աջակիցների կողմից վտանգ դատավորներ Դավիթ Գրիգորյանի և Արմեն Դանիելյանի համար, ովքեր դիմել են ոստիկանություն իրենց անվտանգությունն ապահովելու համար. «Ես ավելի քան համոզված եմ, որ նման բան չկա: Վտանգը կար այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատավորն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին: Դրանից հետո դատավորի նկատմամբ բռնության կոչեր եղան, նրա հասցեն էին դնում համացանցում: Իրական վտանգն այնտեղ էր: Այս դատավորը երևի տեսավ, թե ինչ է ու հատուկ միջոցներ ձեռնարկեց»:
Կրտսեր Քոչարյանը հավաստիացրեց, որ իրենց աջակիցների կողմից վտանգ չի կարող լինել դատավորների նկատմամբ. «Եկեք չմոռանանք, որ հայրս 6 ամիս մնացել է կալանքի տակ: Ինչ-որ մեկին մի բան եղա՞վ: Նույնիսկ դատախազությունը չի կարողանում փաստ բերել, որ խոչընդոտելու դրսևորում է եղել: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կաներ դատախազությունը, եթե սպառնալիք լիներ դատավորի նկատմամբ»:
Լևոնը չի համարում, թե իր հայրը սպառնացել է դատավորին, երբ հորդորեց յախան թափ տալ իր գործից. «Եթե դու մարդ ես սպանում, դու պատասխանատվության ես ենթարկվելու: Դա սպառնալիք չէ: Նույնն էլ նա է զգուշացնում: Մենք ասում ենք, որ այս գործը սարքած գործ է, իսկ եթե օրենքից դուրս բան ես անում, պետք է իմանաս, որ պատասխանատվության ես ենթարկվելու: Նա ասաց՝ օրենքով»:
Քոչարյանը չգիտի, թե ինչ է խոսել իր հայրը ՌԴ դեսպանի հետ:
Հարցին, թե ի՞նչ հույսով է Քոչարյանը մտել ՔԿՀ, Լևոնն ասաց՝ հույսով, որ այս աբսուրդն ինչ-որ պահի կվերջանա. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ դա այդպես լինի ու այդպես էլ լինելու է: Այս ամեն ինչը պետք է վերջանա»: