Ուորլիքն ասել է այն, ինչը չի հերքում ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը.Արսեն Խառատյան
Այսօր “Մեդիա կենտրոնում” կայացավ “Հայաստանն արտաքին քաղաքական նոր շրջափուլում”թեմայով քննարկում: “ԼՂՀ խնդրի լուծման հարցի ակտիվացման համար մի քանի դրդապատճառներ կան. ԱՊՀ տարածաշրջանի զարգացումներ, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրում, Հայաստանի իշխանության անհասկանալի և փոփոխական դիրքորոշում”, – նշեց քաղաքագետ, “Հայազն” կուսակցության անդամ Արմեն Աղայանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրերս իր հայտարարության մեջ նշել էր, որ պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Դրան հաջորդող մյուս կետում էլ Ուորլիքը ասել է. “Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը”: Անդրադառնալով այս հայտարարությանը “Քաղաքացիական պայմանագիր” հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանը ասաց. ‘’Ուորլիքի հայտարարությունը՝ նրա դիրքերի լեգիտիմացման տարր ուներ. այս ելույթից մի շաբաթ առաջ Ադրբեջանի իշխանություններն սկսել էին Ուորլիքին անվստահություն հայտնելու գործընթացը, ԱՄՆ սրանով նաև ակտիվացրեց-լեգիտիմացրեց Ուորլիքի դիրքերը”:Խառատյանի դիտարկմամբ ’’ Ուորլիքն ասել է այն, ինչը չի հերքում ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը: Մենք բողոքի ակցիաներ պիտի կազմակերպենք գործող վարչակարգի առաջ, ոչ թե ԱՄՆ, Ռուսաստանի կամ Ֆրանսիայի գործիչների’’:
Բանախոսները անդրադարձան նաև Լաչինի ազատագրմանը և նշեցին, որ բոլոր գրավյալ և կորցրած տարածքների թվում չգիտես ինչու երբեք պաշտոնապես չի խոսվում Շահումյանի մասին.’’Ոչ մի տեղ չի ֆիքսում Շահումյանի խնդիրը: Պարզ զգացվում է, որ Հայաստանի հանրապետությունը և Ադրբեջանը պայմանավորվածություն ունեն անգամ չխոսել Շահումյանի թեմայով: Երբ խոսում ենք կորցրած տարածքներից ուրեմն նաև Շահումյանից պետք է խոսենք”:
Քաղաքագետ Արմեն Աղայանն էլ հավելեց .”Մեր արտաքին քաղաքականության գխավոր թերությունն այն է, որ մենք մեր անվտանգության հարցը տարել ենք արտաքին քաղաքականություն”: