Էդ գող-ավազակները պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլե՞ն. Դրանք ո՞վ են ընդհանրապես. Փաշինյան /տեսանյութ/
Կրթության եւ գիտության նախարարը չի չեղարկել ապրիլյան պատերազմի մասնակիցներին եւ հերթապահություն իրականացրածներին ուսման վարձի 20 տոկոս զեղչը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվող նման տեղեկություններին:
«Գործընթացը տեղի է ունեցել մարտին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք եւ փոխանցումները կատարված են: Եթե անգամ շատ ցանկանայինք, չէինք կարող չեղարկել: Ըստ հրապարակումների քաոսային իրավիճակ է բուհերում եւ համատարած թույլ չեն տալիս, որ ապրիլյան պատերազմի մասնակիցները եւ հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննությունների»,-ասաց նախարարը:
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մարդիկ կան, որ ուզում են երկրում քաոսային իրավիճակ ստեղծե, չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային իրավիճակ է, ներքաղաքական լարված, պայթյունավտանգ վիճակ է: Դրանք նույն շրջանակների տարբեր օղակներն են: Ո՞նց կարող է ընդհանրապես, նման բան լինել: Դա նույն թեզն է, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների վարձերը չեն տալիս, պատերազմի մասնակիցներին չեն հարգում, հողերը ծախեցին, տվին, ծախած ա, առած ա: Այդ նույն մարդիկ են, նույն շրջանակները: Սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարոն Վանեցյան: էդ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում կոնկրետ Հայաստանի դեմ: Այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է:
Հասկացանք, 1, 2, 3, 4, այսինքն այդ գող, ավազակները պետք է երկրում իրենց լավ զգա՞ն: Դրանք պետք է մայթերի տակով, «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է եւ լրջորեն զբաղվե՛ք այս հարցով»,-ասաց Փաշինյանը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների համար նույնիսկ երկրորդ փուլ են արել, եւ որոնք չեն հասցրել մասնակցել, դիմել, նրանց ընդառաջել են, որ նրանք եւս դիմեն:
«Պատկերացրեք վերնագիրը՝ «կառավարությունը որոշել է կտրել ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձը»: Մեկը մտածում է, որ սենց վերնագիր ՀՀ-ում հնարավո՞ր է»,-հավելեց վարչապետը: