”Փորձում եմ ամեն խաղում դառնալ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ”.Մխիթարյան
Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Die Welt-ին տված հարցազրույցում խոսել է Գերմանիայում իր առաջին մրցաշրջանի մասին:
-Գրեթե անցյալում է ”Բորուսիայում” Ձեր առաջին մրցաշրջանը: Այս ընթացքում ի՞նչն է ամենաշատը տպավորել:
-Այն, ինչն ինձ տպավորել է, թիմակիցներիս հետ հաղորդակցվել է: Շփումը խաղացողների հետ, ովքեր այս ակումբում են: Ինչպես նաեւ երկրպագուները: Նրանք յուրահատուկ են: Նման բան ոչ մի այլ տեղ չեմ տեսել: Ընդհանուր առմամբ Դորտմունդը հանգիստ քաղաք է, բայց այն դադարում է այդպիսին լինել, երբ մարդիկ մարզադաշտ են գնում:
-Դուք անընդհատ ընդգծում էիք, որ առաջնահերթ պետք է հարմարվել ”Բորուսիայի” խաղաոճին: Այդ գործընթացն ավարտվե՞լ է:
-Ոչ, եթե նույնիսկ հասնում եմ հաջողության։ Կյանքում պետք է պատրաստ լինես սովորել ամեն օր։ Ամեն օր պետք է ինչ-որ նոր բան անեմ խաղադաշտում։ Նախորդ ամիսներին հարմարվեցի նոր պահանջներին։ Փորձում եմ յուրաքանչյուր խաղում դառնալ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, ինչը ոչ միշտ է հաջողվում։ Ամենակարեւորն այն է, որ աշխատում եմ այդ ուղղությամբ։
-Ո՞րն էր Ձեզ համար ամենամեծ փոփոխությունը:
-Ամենամեծ խնդիրն այն է, որ ես տեղափոխվեցի այնպիսի առաջնությունից, որը հնարավոր չէ համեմատել Բունդեսլիգայի հետ: ”Շախտյորում” խաղալու ընթացքում հանդիպումների մեծամասնությունը նմանատիպ էին. մրցակիցները պաշտպանվում էին, իսկ մենք՝ վերահսկում գնդակի տեղաշարժը: Եվ եթե մենք էինք բացում հաշիվը, ապա խաղի ելքը գրեթե վճռված էր: Բունդեսլիգայում ամեն ինչ այլ է. թիմերի մակարդակը գրեթե հավասար է եւ անգամ մրցաշարային աղյուսակի հետնապահների դեմ խաղում կարող ես ճնշման ենթարկվել: Բացի այդ, հանդիպման ընթացքում մենք փոխում ենք խաղաոճը, պրեսինգի ենք դիմում, գրոհում կամ հակագրոհների անցնում: Այդ իսկ պատճառով ես պետք է միշտ ուշադիր լինեմ:
-”Բորուսիայում” ինչի՞ն ստիպված եղաք հարմարվել:
-Պետք է անկեղծ լինե: Սկզբում ճնշման հետ կապված խնդիրներ ունեի: Ուկրաինայում չկար այնպիսի ճնշում, որ դու յուրաքանչյուր խաղում պետք է ուժերիդ գերլարումով հանդես գաս: Ամեն դեպքում, արդեն հարմարվել եմ դրան:
-Ճնշումը կապված էր այն բանի հետ, որ Ձեր տրանսֆերային արժեքը կազմել է 27 մլն եվրո եւ Դուք պետք է փոխարինեիք Մարիո Գյոտցեին:
-Տարբեր գործոններ կային:
-Ինչպե՞ս հաղթահարեցիք դրանք:
-Շատ էի զրուցում Յուրգեն Կլոպի եւ թիմակիցներիս հետ: Բոլորն ասում էին.”Գիտենք քո հնարավորությունները, պետք է ազատվես այն ամենից, ինչ մարդիկ են ասում”: Դա, հավանաբար, օգնում է նման բարդ իրավիճակները հաղթահարելու ժամանակ:
– ”Ռեալի” դեմ խաղը, որի ժամանակ Դուք չիրացրեցիք 3 գոլային պահ, Ձեր կարիերայի ամենաէմոցիոնալ պա՞հն էր:
-Դա անհաջող իրավիճակ էր իմ կյանքում։ Մարդիկ կարող էին մտածել, որ չէի ցանկանում գոլ խփել, թեեւ բոլորից շատ էի ցանկանում դա։ Սակայն կյանքն այդպիսին է, նմանատիպ բարդ պահերից հետո պետք է առաջ շարժվել։
-Այդ խաղի ավարտից հետո դեռ խաղադաշտում Ձեր եւ Յուրգեն Կլոպի միջեւ խոսակցություն եղավ, որից հետո Ձեր դեմքին փոքր ժպիտ հայտնվեց:
-Նա ինձ ասաց, որ չպետք է գլուխս կախեմ, չպետք է տխուր լինեմ, որ նման պահեր լինելու են իմ կարիերայում եւ դրանցից հետո ես ավելի ուժեղ եմ լինելու:
-Փոխարենն ընդամենը 4 օր անց գոլ խփեցիք, երբ բացեցիք հաշիվը ”Բավարիայի” դեմ խաղում եւ ներդրում ունեցաք 3:0 հաշվով հաղթանակի մեջ: Ի՞նչ էիք մտածում այդ պահին:
-Երբ փոխանցում ստացա Մարկո Ռոյսից, մտածեցի, որ եթե հիմա էլ գոլ չխփեմ, ապա դա կլինի վերջը։ Երբ գնդակը հայտնվեց դարպասում, մտածեցի, թե ինչու նույնը չեղավ ”Ռեալի” դեմ խաղում:
-Դրանից հետո Դուք լավ ֆուտբոլ խաղացիք` թեկուզ խաղային այլ դիրքում: Դուք խաղում եք եզրում, Մարկո Ռոյսը` կենտրոնում: Դա Ձեզ հոգեհարազա՞տ է:
-Դա մարզչի որոշումն էր: Նա կարծում է, որ այս կերպ ես կարող եմ ավելի շատ օգնել թիմին: Դրա հետ կապված որեւէ խնդիր չունեմ. խաղում եմ աջից, ձախից կամ կենտրոնից: Կարծում եմ` Մարկո Ռոյսի համար նման փոփոխությունը շատ լավ է: Կենտրոնում խաղալուց ի վեր՝ նա սկսել է անընդհատ կարեւոր գոլեր խփել:
-Բունդեսլիգայում ”Բավարիայի” նկատմամբ հաղթանակը հոգեբանական ազդեցություն ունի՞ գավաթի եզրափակչի վրա:
-Ես այդպես չեմ կարծում։ Գերմանիայի գավաթի եզրափակիչը բացարձակապես այլ խաղ է։ Անցել է մեկ ամիս, իսկ այդ ընթացքում կարող են լինել շատ փոփոխություններ: