22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարուքյանն ասում է՝ «սպիտակ մազերով մարդուն» ԵՊՀ-ում կփոխարինի Հովհաննես Հովհաննիսյանը

Այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, օգտագործելով առիթը, անդրադարձավ իր մասին «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հայտարարություններին.

«Իմ գործընկերը հայտարարել է, թե ես ստահոդ տեղեկություններ եմ տարածել ԵՊՀ-ում ռեկտորի ընտրության հարցի վերաբերյալ:

Տեղեկացնեմ, թե ինչ եմ արել: Իմ ֆեյսբուքյան էջում «կիսել» եմ հեղափոխության օրերին Փաշինյանի մուտքը ԵՊՀ պատկերող տեսանյութը, որում սպիտակ մազերով անձը թույլ չի տալիս նրան ներս մտնել, խոչընդոտում է լրատվամիջոցների աշխատանքը, Փաշինյանի հետ բանավեճի մեջ է մտնում: Կիսվել եմ այդ տեսանյութով ու գրել եմ, որ այս մարդուն իշխանություններն ուզում են դարձնել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ու ասում եմ՝ էս մարդը հեղափոխության օրերին հակահեղափոխական էր, հիմա հեղափոխակա՞ն ա դարձել: Էս ա, դրա ի՞նչն է ստահոդ»:

Մարուքյանը պնդեց, որ իշխանությունները, մասնավորապես՝ Կրթության և գիտության նախարարությունը, պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը շահագրգռված են, որ «սպիտակ մազերով այդ մարդն» ընտրվի:

Նշենք, որ Մարուքյանը նկատի ունի հենց Գեղամ Գևորգյանին, որն էլ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ընտրվեց ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ 

«Դուք ասում եք՝ ի՞նչ կապ ունեք ԵՊՀ-ի հետ: Ասեմ՝ մենք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որ տեսնում է մի տեղ պրոցես է գնում, պետք է բարձրաձայնի: Եթե ձեզ թվում է, որ մենք դիտորդի դերում ենք լինելու, սխալվում եք: Այդպես չի լինելու: Ոչ մի ստահոդ տեղեկություններ չեն տարածվում: Ասեմ ավելին. ԵՊՀ-ում խոսակցություններ կան, որ էդ սպիտակ մազերով մարդուն (նկատի ունի Գեղամ Գևորգյանին – հեղ.) ուզում են դարձնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, որից հետո պարոն Հովհաննիսյանն ինքն է ուզում դառնալ ռեկտոր: Ձեզ նախապես տեղեկացնում եմ, իմ սիրելի գործընկերներ՝ եթե որևէ իշխանական պատգամավոր ուզենա դառնա Մայր բուհի ռեկտոր, դա կլինի բոլորիս հռչակած սկզբունքի խախտում: Չէ՞ որ ասում ենք, որ կրթական համակարգը չպետք է քաղաքականացնենք: Մենք ԵՊՀ-ի վրա ազդեցության լծակներ չունենք, ի տարբերություն իշխանության», – հայտարարեց Մարուքյանը:

Արձագանքելով Մարուքյանին, Հովհաննես Հովհաննիսյանն ավելի ուշ իր ելույթում հայտարարեց, որ իրենք չեն առաջնորդվում նեղ, կուսակցական շահերով.

«Մենք մտածում ենք, թե էս պահին որ լուծումն է լավը, որ ԵՊՀ-ն չի կանգնեցնի կրախի առջև»:

Հովհաննիսյանին դուր չէր եկել Մարուքյանի հայտարարության ոճը, և նա հորդորեց ընդդիմադիր պատգամավորին գնալ, ուղիղ իրեն հարցնել և ինքը հարցերին հստակ պատասխաններ կտա:

«Եթե գաք ինձ հարցնեք՝ այո կամ ոչ, ես ձեզ ուղիղ կասեմ: Հիմա ասում եմ՝ ո՛չ: Այս պահին իմ՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու թեմա չկա: Եթե ժամանակի ընթացքում նման թեմա լինի, նորից ուղիղ կասեմ՝ կա նման թեմա», – հայտարարեց Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ