05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ունենք ընդամենը ժամանակավոր դադար

Եռօրյա լարվածությունից հետո  կրքերը, կարծես թե  հանդարտվեցին։ Բայց մենք ունենք ընդամենը ժամանակավոր դադար։ Եթե այս փուլում շատ բաց չխոսենք, չքննարկենք, թե ինչ կատարվեց, ապա հաջորդ փուլերը լինելու են ավելի անկանխատեսելի և ավելի վտանգավոր։ Հերթով փորձենք հասկանալ կատարվածի հիմնական կետերը։

  1. Մենք գործ ունեինք ակնհայտորեն արհեստական լարվածության հետ։ Հասարակությունն ապրում էր բնականոն կյանքով,  և դատարանի որոշումը՝ հայտնի գործով, իր մեջ անկայունության որևէ ռեսուրս չուներ։ Մի պահից սկսվեց ուղղորդվող լարվածություն երկու խողովակով՝ բովանդակային՝ սոցցանցերով  և փողոցային՝ մանր ագրեսիվ խմբերով։
  2. Պետական համակարգերի աշխատունակության խնդիրը։ Դատարանները արգելափակելու կոչին հետևեց նորանշանակ մարզպետների, քաղաքապետների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների զարմանալի խանդավառությունը։  Սա մտահոգում է մի պարզ պատճառով. ստացվում է՝ նորակազմ պետական համակարգը չի ուզում և չի կարողանում աշխատել։ Նրան հոգեհարազատ է պիկետը, լայվը, ՖԲ գրառումը, ինչ-որ բանի պաշարումը,  բայց ոչ՝ ծանր, կիրառական նշանակության աշխատանքը՝ այն, ինչն իրականում ենթադրում է իր պաշտոնը։ Հետևաբար՝ մենք իրական կյանքում առաջիկայում առերեսվելու  ենք աշխատանքի ոչ ունակ համակարգի հետ՝ իր հետևանքներով։  Խնդիրները, հետևաբար, միայն խորանալու են։ 
  3. «Ժողովուրդ» և «մենք ենք տերը երկրի» ձևակերպումները ստանում են նոր քանակական և բովանդակային պարամետրեր։ Դա նորանշանակ պետական համակարգն է, «Իմ քայլը և մերձիմքայլական շրջանակները» և ռադիկալ փողոցային խմբերը, որոնք բոլորը միասին ընդամենը մի քանի հազար հոգի են, բայց  փորձում են և, թերևս, դեռ կարողանում են մթնոլորտ ստեղծել։ Հարյուր հազարավոր մարդիկ, որոնք խոր շոկ էին ապրում այս երեք օրը, և որոնց պատկերացումները երկրի և աշխատանքի մասին լրիվ այլ են, տանն են։ Դեռ տանն են։ Բայց պատանդ են ակտիվ մի քանի հազարին։ Ակնհայտ է, որ ագրեսիայի իշխումը չի կարող անվերջ շարունակվել, և հարյուր հազարավոր պասիվների տրամադրությունները մի պահի ստանալու են կառուցվածքային տեսք՝ ձևավորելով նոր օրակարգ։
  4. Առանձին քննարկման նյութ են բուն կարգախոսները։ Եթե դատական համակարգը համարվում է նախորդի մնացորդ և կատարել է նախորդ համակարգերի պատվերները (ինչը գուցե և այդպես է), ապա արդյո՞ք դատախազությունն ու քննչական մարմինները նույնը չեն։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք սևեռվում միայն դատարանների վրա։ Ինչ է, այս դատախազությունը և քննչական  մարմինները չե՞ն կատարել նախորդների ցուցումները։ Նույն դատախազը մի տարի առաջ չէ՞ր գալիս ԱԺ՝ կալանավորելու Փաշինյանին և այլոց։ Ստացվում է, որ եթե դատախազությունն ու քննչական մարմիններն այսօր կատարում են վարչապետի  ցանկությունը, ուրեմն նրանք արդեն «Նոր Հայաստան են», իսկ դատարանը,  եթե չի կատարում վարչապետի ցանկությունը, «Հին Հայաստան»։ Իհարկե, այս ամենը մատուցվում  է ժողովրդի անունից։ Ուրեմն՝ խնդիրը լրիվ այլ տեղ է։ Դրված նպատակը՝ բոլորովին այլ։
  5. Արցախի մասով։ Այստեղ երկար-բարակ քննարկելու հարց չկա. եթե վարչապետը ճիշտ է, և կան մարդիկ, ուժեր, որոնք պատրաստվում  էին դավադիր պատերազմական գործողություններ սկսել և նույնիսկ տարածքներ զիջել, ապա նրանք արդեն իսկ պետք է լինեին կալանավորված։ ԱԱԾ-ն նույն պահին պետք է աներ իր գործը։ Խոսքը պետական դավաճանության մասին է։ Իսկ եթե վարչապետը ճիշտ չէ ու պարզապես դարձյալ ինչ-որ բան ասեց իր օնլայն լսարանի համար, ապա ԱԱԾ-ն դարձյալ անելիք ունի։ Կանոնավոր բանակի, միասնական կառավարվող, գերժամանակակից զինված բանակի պարագայում այդ ի՞նչ սեպարատ պատերազմի և տարածքների կորստի մասին վարկած է։  Այս ելույթով մենք աննորմալ թանկ նվեր ենք մատուցել Ադրբեջանին։ Ուղղակի նայեք ադրբեջանական մամուլը և կհասկանաք, թե որքան կոպիտ սխալ է թույլ տրվել։ Մենք սրա համար կարող ենք շատ թանկ գին վճարել։
  6.    Չգնահատված նախադեպը ունենում է իր հետևանքները. Իրանում հնչեցրած ձևակերպումը՝ Հայաստանում գործող քաղաքական գործիչների՝ օտարերկրյա գործակալներ լինելու մասին, չստացավ պատշաճ շարունակություն, չպահանջեցինք շարունակություն, միասնաբար որոշեցինք մոռացության տալ, դատախազը գործ չհարուցեց, այնինչ դա բավականին լուրջ մեղադրանք պարունակող ձևակերպում էր։ Սա նախադեպ ստեղծեց հետագա այլ՝ լրջագույն մեղադրական ձևակերպումների համար. դարձյալ  չենք ճշտում ո՛չ դրա հիմքը, ո՛չ փաստը, ո՛չ մոտիվացիան։
  7.    Դեռևս խնդիր է մնում իշխանության ներսից առարկության ձայնի, սթափ ձայնի պահը։ Սա շատ կարևոր է՝ ծայրահեղ անկանխատեսելիություն թույլ չտալու և հանրային լայն կոնսոլիդացիան հետագայում սթափության և ադեկվատիզմի շուրջ ձևավորելու համար։ Սա մի օր, անկասկած, լինելու է։ Եվ այդ մարդը կամ այդ մարդիկ կարևոր են դեր են խաղալու հեռանկարում։ Բայց այս պահին խնդիրը առկա է։
  8.    Դատարանները շրջափակելով և դատական համակարգի վրա նման հարձակումներով պաշտոնապես փակվեց լուրջ ներդրումների հնարավորությունը ։
  9.    Անցումային արդարադատության թեման գեներացնելուց և գուցեև  ներդնելուց հետո, շատ երկար ժամանակ մոռանալ է պետք ներդրումների մասին։ Հատկապես՝ ռուսական և չինական։
  10. Այս պահին բաց է մնում մոտիվացիայի հարցը։ Մենք նույնպես  այս պահին չունենք դրա պատասխանը։ Ինչո՞ւ այս ամենը արվեց, ո՞րն է դրա պատճառը։ Արդյո՞ք այս ամենը ծրագրավորվել էր Երևանում, և ո՞րն է դեռևս չհրապարակված շարունակությունը։ Շատ կարևոր է հասկանալ այս հարցի պատասխանը։ Սրա շուրջ  է պետք ծավալել քննարկումը։ Ինչո՞ւ  է սա կարևոր. մենք մտնում են դժվար հաշվարկելի փուլ։ Գործնականում անհնար է հաշվարկել ոչ միայն առաջիկա զարգացումները, այլև  կարճաժամկետ ապագան։ Ցավոք, այն հիմնված է լինելու շոկերի վրա, որոնք մեզ սպասում են։ Գործող իշխանությունն ունի ընդամենը ևս 1-2 նման պոռթկման ռեսուրս, և նրանք սա շատ լավ հասկանում են։ Իսկ հետո՞։
  11. Ես այս բոլոր 1-10 կետերի շուրջ ուշադրություն եմ հրավիրում՝ ունենալով մեկ համոզմունք. Հայաստանում բոլոր գիտակից մարդկանց խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, սիմպատիաներից, անկախ իշխանության մեջ լինել չլինելուց, խուսափել հետագա վատագույն սցենարներից, մթնոլորտը տանել հանդարտեցման, խուսափել անդառնալի սխալներից։ Դրա համար պետք է երկու պարզ բան՝ ինքնուրույն մտածել և չլռել։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ