Բալային համակարգի օրենքում անհասկանալի դրույթներ կան, որոնք մեծ ռիսկեր և կոռուպցիոն դրսևորումներ կարող են պարունակել․ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար
«Վարորդական նոր բալային համակարգի մասին օրենքում կան մի քանի անհասկանալի դրույթներ։ Դրանք որոշակի իրավախախտումներն են, որից հետո վարորդն իրավունքի վկայականից զրկվում է 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով է։ Ժամկետի սահմանումը թողնված է վարչական մարմնի հայեցողությանը, հստակեցում չկա»։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանը։
«Օրինակ, դեղին համարանիշները այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը կամ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և կապույտ լուսաձայնային փարոսիկ տեղադրելը, որտեղ նախատեսված է 3 ամսից մինչև 1 տարի կամ 6 ամսից 1 տարի ժամկետով վարորդական վկայականից զրկում, սա թողնված է հենց վարչական մարմնի հայեցողությանը։ Այստեղ մեծ ռիսկեր, նաև կոռուպցիոն դրսևորումներ կարող են լինել»,- նշեց Տիգրան Քեյանը։
Նա նշեց, որ «Վարորդի ընկեր» ՀԿ-ն ոստիկանությանը վերը նշված դրույթի հետ կապված առաջարկ է ներկայացրել, որպեսզի 3 ամիս, 6 ամիս, 1 տարի հստակ ժամկետ նշվի, ոչ թե ժամկետի սահմանումը թողնվի վարչական մարմնի հայեցողությանը:
Տիգրան Քեյանը նաև բարձրացնեց նախազգուշացման ինստիտուտի կիրառության խնդիրը։ Շատ է խոսվում նախազգուշացումների և ոչ թե միանգամից տուգանելու պրակտիկայի մասին, բայց ըստ Տիգրան Քեյանի՝ մինչ օրս որևէ վարորդ նախազգուշացման թղթային ծանուցում չի ստացել․ «Այս ինստիտուտը չի աշխատում։ Բոլոր դեպքերում մարդը պետք է ծանուցվի: Միայն կայքում տեղադրելը չի նշանակում, որ մարդը ծանուցվել է։ Ոչ բոլոր վարորդներն են կայքում ստուգում»։
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավարը նկատեց, որ բալային համակարգը վարորդներին ավելի զգոն կդարձնի, բայց երթևեկությունը կանոնակարգելու հետ կապված մի շարք այլ խնդիրներ կան՝ ճանապարհների վիճակը, խաչմերուկների կահավորանքը, լուսացույցները, գծանշումները։
«Հիմա մենք վարորդներին ենք ավելի զգոն դարձնում այս համակարգով, բայց մի մեծ խնդիր բաց ենք թողնում՝ դա երթևեկության կահավորման խնդիրներն են։ Դա մեծ խնդիր է Երևանում՝ լուսացույցների, գծանշումների չերևալը և դրա հետևանքով վարորդների տուգանվելը։ Քաղաքապետարանին առաջարկներ ենք ներկայացնելու, որպեսզի երթևեկության կազմակերպումը, ճանապարհների վիճակը, լուսացույցները, բոլոր այդ միջոցառումները վերահսկի և իրականացնի քաղաքապետարանը»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Կառավարությունն օրերս հավանություն էր տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին: Oրենքի նախագիծն ԱԺ-ի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի 6 ամիս անց: Tert.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ ճանապարհային որ խախտումների դեպքում որքան բալ է հանվելու:
Ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր. ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:
Նախագծում նշված է նաև, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով, առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելը առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով: