Թանկացել է բենզինը եւ դիզվառելիքը. Ժողովուրդ
Երևանի բենզալցակայաններում թանկացել է դիզելային վառելիքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ լիտր դիզվառելիքը վաճառվում է 470 դրամով, մինչդեռ օրեր առաջ այն վաճառվում էր մեկ լիտրը 440 դրամով: Ինչպես հայտնի է, դիզվառելիքը կիրառվում է գյուղատնտեսության ոլորտում, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում դարձյալ թանկանալու է, ինչն իր հերթին բերելու է ևաև գյուղատնտեսական մթերքների թանկացման:
Նկատենք, որ դիզվառելիքի թանկացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները: Չէ՞ որ հենց այս շրջանում է վառելիքի այս տեսակի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճում:
Նշենք, որ բենզինի գները ևս 10 դրամով բարձրացել են. ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 420 դրամով, իսկ պրեմիում տեսակի բենզինը վաճառվում է 440 դրամով:
Ի դեպ, այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը: Այսինքն՝ երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ է մաքսազերծվում: Բայց 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքն էլ ավելի կբարձրանա՝ 5 տոկոսով, և այդ հանգամանքը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այն գործարարների համար, որոնք բենզին ներկրում են երրորդ երկրներից:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: