Եւս 50 գործազուրկ
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/04/bf6d4f0ac85c17431e2db63f58a59433_980x511.jpg)
Պետությանը նվիրատվությամբ փոխանցվող Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցի գործունեությունը դադարեցված է, ներկայումս ընթացքի մեջ է նվիրատվության գործընթացը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Հյուրանոցի գործունեությունը դադարեցրել է ներկայիս սեփականատերը՝ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին, որպեսզի լրացուցիչ այլ ծախսեր չանի: «Golden Palace»-ն առայժմ գտնվում է պահպանության ռեժիմում, իսկ մենք փորձում ենք հնարավորինս արագ իրականացնել ընդունելու գործընթացը»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ հյուրանոցի պահպանության գործառույթները իրականացնում են ներկայիս սեփականատերերը, քանի որ դեռևս իրենց գույքն է:
Հարցին, թե որքա՞ն կպահանջվի պետությանը նվիրատվություն անելու համար, ՊԳԿ նախագահը չհստակեցրեց, նշեց, որ գուցե 1 ամիս կամ ավելին:
«Այդ ամենը կախված է Ֆինանսների և Արդարադատության նախարարությունների կարծիքներից: Կարծում եմ, որ ամենաքիչը մեկ ամիս կպահանջվի»,- ընդգծեց Նարեկ Բաբայանը:
Անդրադառնալով շենքում գործող խաղատանը՝ ՊԳԿ նախագահը շեշտեց, որ նույն գործընթացն էլ իրականացվում է խաղատան վերաբերյալ:
Նրա խոսքով՝ պետությանը նվիրատվությունից հետո շինությունն, ամենայն հավանականությամբ, կրկին կգործի որպես հյուրանոց: