Վերջին մեկ տարվա ընթացքում այսքան չարություն, բացահայտ գռեհկություն չեմ տեսել, ինչքան՝ «սիրո և համերաշխության» ներքո. ազատամարտիկ
Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը Henaran.am-ի հետ զրույցում խոսելով վերջերս ակտիվ քննարկման ենթարկված «Տարածքներ խաղաղության դիմաց» թեզի մասին ասաց՝ նման դիրքորոշում երբեք չի եղել նույնիսկ նախկին իշխանությունների կողմից:
Գևորգյանը դրական է գնահատում ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց». «ՀՀ պաշտպանության ոչ մի նախարար չի կարող լինել պարտվողական մտածելակերպով: Եվ սա ողջունելի է: Անկախ դրանից դա այսօր արտահայտում է նախարար Դավիթ Տոնոյանը, վաղը կարտահայտի մեկ ուրիշը, դա ՀՀ-ի դիրքորոշումը պետք է լինի: Նախկին իշխանության օրոք որևիցե ուրիշ դիրքորոշում չի էլ եղել: Մարտական գործողությունների ընթացքը և, քաղաքական ներքին կամ արտաքին խնդիրները չեն նշանակում, որ մենք տարածքներ հանձնելու խնդիր ենք ունեցել կամ բարձրաձայնված է եղել ուրիշ օրակարգ»,-ասաց Գևորգյանը:
«Վերջին մեկ տարվա ընթացքում որևէ իշխանությանն ուղղված այսքան չարություն, անպարկեշտ պահվածքներ, բացահայտ գռեհկություն հասարակության կողմից, չեմ տեսել՝ ինչքան հիմա է կատարվում «սիրո և համերաշխության» մթնոլորտի ներքո: Սա չի կարող հույսեր տալ, որ այս ամենը վաղը կարող է կանգ առնել»,-շեշտեց Գևորգյանը և հավելեց՝ նման մթնոլորտը չի կարող չանդրադառնալ բանակի վրա:
Դիտարկմանը, որ այս խնդիրը միշտ է եղել Գևորգյանը պատասխանեց. «Երևույթը քանի գնում է շատ ավելի է շատանում: Եթե մենք ուզում ենք կանգ լինի պետք է սկսենք այդ գործընթացը մեր տներից»: