Ադրբեջանցիները վայնասուն են սկսում, ինչի արդյունքում ավելանում է կայքերի հաճախելիությունը. Տ. Քոչարյան
Սեպտեմբերի 3-ը ՀՀ եւ ԼՂՀ միացյալ քարտեզի օրն է, որն ստեղծվել է 3 տարի առաջ եւ առաջին անգա ցուցադրվել “ԱԼՄ” հեռուստաալիքի եթերում: Այս առիթով լրագրողների հետ հանդիպմանը բլոգեր Տիգրան Քոչարյանը, ով հայտնի է “Փիղ” մականունով, կոչ արեց հայկական գերատեսչություններին ակտիվորեն օգտագործել ՀՀ եւ ԼՂՀ միասնական քարտեզը:
Տիգրան Քոչարյանը նշեց, որ միասնական քարտեզի գաղափարաը պատկանում է հայ բլոգերներին: Դրա հիմնական նպատակն է ցույց տալ ողջ աշխարհին մեր երկիրն ամբողջապես` մեր ազատագրված տարածքներով: Բլոգերները քարտեզը տարածում են միջազգային գործակալությունների շրջանում, ինչը, բնականաբար, դուր չի գալիս ադրբեջանցիներին:
Նրա խոսքով` եղել են նաեւ դեպքեր, երբ ադրբեջանցիները բողոքել են մի գործակալության դեմ, որը տեղադրել է միասնական քարտեզը, սակայն դա դրական արդյունք է ունեցել, քանի որ գործակալության վարկանիշը դրանից ավելի է բարձրացել, իսկ Հայաստան սկսել են ավելի շատ զբոսաշրջիկներ այցելել: Բացի այդ, այժմ նաեւ շատ ռուսական տուրիստական կայքեր են սկսել տեղադրել քարտեզը, ադրբեջանցիները բողոքում են, սակայն դրանից միայն ավելանում է կայքերի հաճախելիությունը:
“Ասում են, որ արդեն շատ միջազգային գործակալություններ են օգտոգործում այս մեթոդը: Դեպի Արցախ ուղեւորությունների մոտ տեղադրում են Արցախի ամոբողջական քարտեզը, որից ադրբեջանցիները վայնասուն են սկսում, ինչի արդյունքում ավելանում է կայքերի հաճախելիությունը եւ բարգավաճում է իրենց բիզնեսը”,- նշեց Տիգրան Քոչարյանը:
Բանախոսը հավելեց նաեւ, որ Արցախում այդ քարտեզն առաջին հերթին է ընդունվում եւ կիրառվում, այնտեղ ընդհանրապես խոսք չկա որեւէ տարածք զիջելու մասին: