05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը

Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը։

Փոփոխությունները վերաբերում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքներին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր օրենքով ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնում են առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան արձակվելուց մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Եթե պարզվի, որ զինծառայության ընթացքում զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ապա պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը:

Պաշտպանության նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները սահմանված են «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 8-րդ գլխում, որի պահանջների համաձայն՝ զինծառայողներն անցնում են խորացված և հսկիչ-բժշկական քննություն, պլանային բուժզննումներ:

«Խորացված բժշկական քննության են ենթարկվում սպայական, ենթասպայական կազմերի և շարքային կազմի պայմանագրային զինծառայողները, ինչպես նաև պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական ծառայողները` տարեկան 1 անգամ` զինվորական բուժհիմնարկներում, իսկ պլանային բուժզննման են ենթարկվում շարքային կազմի պարտադիր զինծառայողները` տարեկան 2 անգամ` ուսուցման ձմեռային և ամառային փուլերից առաջ: Շարքային կազմի պարտադիր զինծառայողները խորացված բժշկական քննության կարող են ենթարկվել` ելնելով առողջական վիճակից», – նշեց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը։

Նշվում է նաև, որ մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են պետական բյուջեի միջոցների հաշվին երկարաժամկետ վերականգնողական ծրագրերից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Ըստ փոխնախարարի՝ գործող օրենքի համաձայն՝ Զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննարկվել և հաստատվել զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում, իսկ զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառական կապի մասին փորձնական եզրակացությունները քննարկվում և հաստատվում են անկախ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժամանակահատվածից:

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանված է Հայաս-տանի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ, որի 1-ին հավելվածի 25-րդ կետի համաձայն՝ բացի հաշմանդամություն ունեցող անձանցից, այդպիսիք են հանդիսանում նաև զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել», – գրված է նախագծում։

Այս ամենը հաշվի առնելով՝ պաշտպանության նախարարությունը որոշեց մերժել «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, քանի որ վերոնշյալ իրավական ակտերից ակնհայտ է, որ գործող օրենսդրությամբ սահմանված են մի շարք կարգավորումներ զինվորական ծառայությունից հետո առողջական խնդիրներ ունենալու դեպքում անձի առողջական վիճակի հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պատճառական կապի որոշման և առողջական վիճակի վերականգնման գործընթացի վերաբերյալ:

«Բացի դրանից, առաջարկված ձևաչափով պարտադիր բժշկական հետազոտությունների և փորձաքննության իրականացումն իրատեսական չէ, քանի որ յուրաքանչյուր զորակոչի շրջանակներում զորացրվում են մի քանի հազար քաղաքացիներ, որի պարագայում, եթե նախագծի հեղինակների պատկերացմամբ այդ գործընթացն իրականացվելու է զինվորական կոմիսարիատների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների կողմից, ապա այն բավականին բացասական ազդեցություն է թողնելու նշված մարմնինների բնականոն գործունեության վրա՝ հաշվի առնելով թե՛ բուժման գործընթացում գտնվող զինծառայողների ծավալները, և թե՛ այն հանգամանքը, որ զինկոմիսարիատներն ամբողջ տարվա ընթացքում իրականացնում են զինվորական հաշվառման (կցագրման) գործընթաց, իսկ յուրաքանչյուր զորակոչի բժշկական ապահովման գործընթացը սկսվում է նախկին զորակոչի ավարտից գրեթե անմիջապես հետո (համապատասխանաբար մարտ և սեպտեմբեր ամիսներից սկսած)», – նշված է եզրակացության մեջ։

Նախարարությունը որպես մերժման պատճառ է դիտարկել նաև այն, որ զորացրված զինծառայողների առողջական վիճակի գնահատման համար կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի 405-Ն որոշման համաձայն՝ զորակոչիկների արտահիվանդանոցային փորձաքննության համար հաստատված ծավալներով իրականացնելու դեպքում միայն լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով նախնական հաշվարկներով կպահանջի շուրջ 150 մլն դրամի լրացուցիչ ծախս (չհաշված հիվանդանոցային փորձաքննությունները և բուժումը, որոնց քանակը հստակ կանխատեսելի չէ):

«Միաժամանակ, գտնում ենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումն առնչություն չունի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս-ների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկայի հետ, քանի որ եթե պետության կողմից անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացն իրականացվում է սահմանված կարգով համապատասխան բժշկական հաստատություններում պետական պատվերի տեղադրման միջոցով, ապա նշված օրենքով սահմանված իրավահարաբերությունները կոչված են փոխարինելու պետության կողմից կենսաթոշակային ապահովության շրջանակներում իրականացվող գործընթացը», – գրված է նախագծում։

«Միաժամանակ, կիսելով նախագծի հեղինակների մտահոգությունները՝ զինվորական ծառայությունից արձակված և առողջական խնդիրներ ունեցող անձանց երաշխավորված բժշկական օգնությունը և սպասարկումն ապահովելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման 1-ին հավելվածի 25-րդ կետում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, ըստ որի՝ զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, իրավունք կունենան անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում», – նշված է ՊՆ հիմնավորման մեջ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ