Եթե Ազգային ժողովի մաքրուհիները ապրիլի 1-ից խորհրդարանը չմաքրեն՝ նրանց կփոխարինեն նորերը. «Քլիներս»-ի տնօրեն /տեսանյութ/
Ապրիլի 1-ից Ազգային ժողովի մաքրուհիները նոր գործատու կունենան՝ «Քլիներս» ՍՊԸ-ն, որը շահել է խորհրդարանի մաքրությունն ապահովելու՝ Ազգային ժողովի հայտարարած գնումների մրցույթը: Մաքրուհիների աշխատավարձերը, սակայն, 20-30 հազար դրամի չափով նվազելու են, ինչը հարուցել է մաքրուհիների դժգոհությունը:
Նրանք հայտարարել են, որ չեն պատրաստվում այդքան գումարով աշխատել:
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում մրցույթը շահած «Քլիներս» ընկերության տնօրեն Գարուշ Պապիկյանը հարցին՝ եթե ապրիլի 1-ից մաքրուհիները հրաժարվեն կատարել իրենց պարտականությունները, ընկերությունն ի՞նչ քայլերի է դիմելու, ասաց, որ, եթե մաքրուհիները գրավոր հրաժարվեն, որ այլեւս չեն ուզում աշխատել, որպեսզի խորհրդարանի մաքրության աշխատանքները չկանգնեն, նրանց կփոխարինեն նոր մաքրուհիներ. «Նրանք ընդամենը 2 ժամ են աշխատում եւ փաստացի նրանց վճարելու ենք կես դրույքից էլ ավելի աշխատավարձ: Նրանք ժամը առավոտյան 10-ից հետո հնարավորություն ունեն այլ տեղ աշխատելու: Մենք նրանց ԱԺ-ում աշխատանքից հետո, այլ աշխատանքի առաջարկ էլ ենք արել, սակայն հրաժարվել են»:
Հարցին, թե աշխատանքային պարտականություններն ավելացե՞լ են, Պապիկյանը պատասխանեց՝ «Ոչ, գուցե պահանջներն ավելի խիստ լինեն»:
«Քլիներս» ընկերության տնօրենի խոսքով, իրենք ո՛չ նախկին ո՛չ էլ գործող իշխանության հետ որեւէ կապ չունեն, փոխհամաձայնության չեն եկել, եւ, եթե Ազգային ժողովի աշխատակազմը խնդիրներ առաջացնի այս հարցով, դիմելու են դատարան՝ խնդրին դատական կարգով լուծում տալու.«Մենք միայն առաջնորդվում ենք պայմանագրի կետերով: Եթե պայմանագրի մյուս կողմը այն խախտի եւ խոչընդոտներ առաջացնի, ապա կդիմենք դատարան, որովհետեւ գնումներով շահած մրցույթ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: