Ոտքի վրա փոխեց պլանները. Աննա Հակոբյանը՝ Փաշինյանի մասին
Այսօր՝ մարտի 23–ին, Համազգային թատրոնի նոր կառուցվող շենքի տարածք էին գնացել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու աղջիկները։
Նշենք, որ Փաշինյանն այնտեղ էր գնացել՝ թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու, բայց տեսնելով միջավայրի աղբը՝ բարկացել էր ու սկսել մաքրման աշխատանքներ իրականացնել, և վրդովված ասաց, որ չէր կարելի նման միջոցառում իրականացնել այդ աղբոտ միջավայրում։
Լրագրողների հարցին՝ ինչպես է տիկին Հակոբյանը վերաբերվում փաստին, որ մինչ վարչապետը մաքրում է տարածքը՝ Համազգային թատրոնի աշխատակիցները չեն միանում նրան՝ ասելով, որ ուրիշի թափասծը չեն պատրաստվում մարքել, Աննա Հակոբյանը պատասխանեց. «Դա հենց այն է, որ պետք է փոխվի մարդկանց մտքում։ Քաղաքը մեր քաղաքն է, երկիրը՝ մեր երկիրը։ Մենք եթե քայլում են, աղբի մեջ չպետք է քայլենք։ Այդ մոտեցումը պետք է օր առաջ փոխվի մեր մեջ, և այդ դեպքում երևի մաքուր կպահենք»։
Աննա Հակոբյանի խոսքով՝ իրենք ընտանիքով եկել են օգնելու ամուսնուն։
«Ճիշտ է՝ պլանավորված էր, որ պետք է մարզ մեկնեինք, բայց ինքը ոտքի վրա փոխեց պլանները, և հիմա ուզում եմ հասկանալ՝ մենք ինչ անենք»,– ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը համապետական մաքրության օրվան վարակիչ օրինակ կլինի մյուսների համար, որպեսզի աղբ չթափեն, թափվածն էլ՝ վերցնեն, քանի որ «այն, ինչ տեսնում ենք քաղաքում, հատկապես՝ կենտրոնից հեռու, սարսափելի է»։
Աննա Հակոբյանը նաև հույս հայտնեց, որ իրենք այլ տարածք գնան, քանի որ շինհրապարակն այնքան էլ հարմար տարածք չէ փոքրիկ երեխայի հետ մաքրելու համար։
«Սիրով կուզեմ մարզ գնանք, որովհետև քաղաքից դուրս գնալու հազվադեպ հնարավորություններից է, որից կուզեմ օգտվել»,–ասաց նա։