Այսինքն իմ երեխային պետք է մի բան լինի, որ հետմահու պարգեւատրե՞ն. ապրիլյան պատերազմի մասնակցի մայրը՝ քաղաքապետին
Իմ որդին ապրիլյանի մասնակից է եւ իմ խնդրածը հանրակացարանի մի սենյակ է, ինչո՞ւ հարցը չեն դնում Երեւանի ավագանու նիստի: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, շաբաթօրյակի ժամանակ դիմելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ասաց ապրիլյան պատերազմի մասնակցի մայրը:
Նա նշեց, որ արդեն մեկ տարի այդ հարցը ձգձում են, որ ժամանակին իրենից սենյակ հատկացնելու համար փող են պահանջել, ինքն էլ չի տվել եւ բողոքել է:
Կինը դիմեց քաղաքապետին. «Հանձնարարեք, թող իմ երեխու հարցը դնեն ավագանու նիստի: Եթե ինձնից գումար են ուզում, ես վերահսկողություն եմ դիմել, պետք է իմ երեխու գործը չանե՞ն: Էդ մարդը, որ ուզել է, հիմա ինքն է դիմել, որ էդ սենյակն իրեն հատկացնեն: Ես ձայնագրություններ ունեմ, որ դրա համար են իմ դեմ թարսվել:
Հիմա բալիկի ենք սպասում, տեղ չունենք օրորոց դնելու: Իմ երեխային հանրակացարանում սենյակ տրամադրելն ինչ կապ ունի իմ բողոքի հետ»,-ասա նա՝ տեղեկացնելով, որ քննչականում իր բողոքի հետ կապված գործը կարճվել է:
Հայկ Մարությանն ի պատասխան նախ հիշեցրեց, որ ինքն ընդունել եւ լսել է կնոջը, ապա հավելեց, որ պետք է հարցը մտնի Ավագանու նիստի, իսկ դա կարող է անել ավագանու անդամը. «Քաղաքապետն ամենազոր չի: Նաեւ ավագանու անդամը կարող է հարցը դնել ավագանու նիստի»:
Քառօրյայի մասնակցի մայրը շնորհակալություն հայտեց, որ քաղաքապետն իրեն ընդունել եւ լսել է, ապա շարունակեց. «Ես շնորհակալ եմ քաղաքապետի ընդունելությունից, բայց խնդրում եմ իմ երեխու գործը դնել ավագանու նիստի: Խնդրածս հանրակացարանի սենյակ է, ես բնակարան չեմ ուզում: Թաղապետը միջնորդագիր է ուղարկել, որ իմ երեխուն հատկացնեն սենյակը: Այստեղ ի՞նչն է խնդիրը: Մեկ տարի է դիմել եմ, թող մերժեն, ոչ թե ասեն՝ սպասեք, դառնա համայնքինը, կտրադրենք: Դժվա՞ր է մի սենյակ տրամադրել ապրիլյան պատերազմի մասնակից իմ որդուն: Այսինքն իմ երեխային պետք է մի բան լինի, որ հետմահու պարգեւատրե՞ն»:
Նա նաեւ հավելեց, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի օգնականն իրեն ասել է, որ քաղաքապետը պետք է դնի օրակարգում: Մինչդեռ Հայկ Մարությանը պնդում է, որ սխալ են ասել: Քաղաքապետն առաջարկեց չորեքշաբթի ավագանու նիստին գալ եւ եւս մեկ անգամ ներկայացնել հարցը ավագանու անդամներին:
Այդ պահին նրանց մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ու ասաց. «Եկեք էսօր դրա մասին չխոսենք»:
Նշենք, որ «Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգը սահմանում է, որ «Ավագանու հերթական նիստի օրակարգի նախագիծը կազմում է Քաղաքապետը` Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ուղեկցական գրությամբ ներկայացրած նախաձեռնություններից»: