22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ

Քաղաքական գործչի կին լինելը դժվա՞ր է, ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանի կինը սատարում կալանավայրում գտնվող ամուսնուն։ ՀՀ երկրորդ նախագահի կինը` Բելլա Քոչարյանը, այս և այլ հարցերի է պատասխանել «Լեդի Sputnik» նախագծի շրջանակում։

– Քոչարյանի գրքում ձեր ծանոթության մասին հիշատակում կա։ Կուզեինք լսել նաև ձեզ. ինչպե՞ս հասկացաք, որ հենց նա է ձեր տղամարդը։

– Մեր ճակատագիրը որոշեց պատահական հանդիպումը քաղաքում, թեև մենք վաղուց էինք ճանաչում իրար. մինչև հինգերորդ դասարանը համադասարանցիներ ենք եղել, հետո սովորել ենք նույն դպրոցում, բայց, այսպես ասած, դպրոցական ընկերություն կամ սեր չի եղել։ Ամեն ինչ տեղի ունեցավ հետո։ Իհարկե, ես չգիտեմ` ինչու հենց այդպես եղավ, որովհետև կյանքում ամեն բան ենթարկվում է մեզ անհայտ օրենքների։ Մենք ամուսնացանք, ծնվեցին երեխաները։ Աշխատում էինք, տան գործերով զբաղվում։ Մեր ծնողները մշտապես մեր կողքին էին` պատրաստ օգնելու երիտասարդ ընտանիքին։ Մեծ երջանկություն է լավ ծնող ունենալը։

Ռոբերտի մեջ նախևառաջ ինձ ապշեցրեց ազնվությունը, ինքնաբավ լինելը, սեփական ուժերի հանդեպ վստահությունը, առաջ շարժվելու ձգտումը, նվիրվածությունն այն գործին, որով զբաղվում էր կոնկրետ ժամանակահատվածում։ Նույնիսկ կոմսոմոլի աշխատանքը, որը շատերը ձանձրալի էին համարում, նա հետաքրքիր դարձրեց։

Չգիտեմ` հնարավոր է արդյոք միանգամից հասկանալ` քո տղամարդն է, թե ոչ։ Այսպես թե այնպես, արդեն տասնյակ տարիներ մենք միասին ենք։ Այդ փաստն ինքնին պատասխանում է այդ հարցին։

– Քաղաքական գործչի կին լինելը հեշտ չէ։ Ի՞նչ դժվարությունների եք բախվել ձեր ամուսնու քաղաքական ճանապարհի տարբեր փուլերում։ Արդյո՞ք կարողանում էիք ճիշտ խոսքեր գտնել և սատարել ձեր ամուսնուն։

– Քաղաքական և պետական գործչի կին լինելը դժվար է, որովհետև մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Ամեն օր պետք է ապրես և աշխատես բոլորի աչքի առաջ և պատրաստ լինես տհաճ բաների` խիստ քննադատության, հանկարծակի հնչած խճճող հարցի, քծնանքի և գործող իշխանության մերձավոր շրջապատում գտնվելու ոմանց «պաթոլոգիկ» ցանկությանը։ Շատ դժվար է, բայց ամեն օր պետք է աշխատես օգնության խնդրանքով դիմած մարդկանց բազմաթիվ նամակների հետ, այդ օգնությունը հաճախ անհնար է ցուցաբերել, բայց փորձում ես որևէ բան անել։

Այդ կարգավիճակում կարևոր է բնական լինելը, հասարակության բոլոր անդամների նկատմամբ հարգանք դրսևորելն ու անմիջական շփումը (իհարկե, առանց ձևականության), աշխատանքում սուբորդինացիան պահելը։ Ցանկալի է պահպանել հետևյալ կանոնը. ամեն ինչ պետք է չափի մեջ լինի, մինչև հայտնի շեմը, որից այն կողմ անցնել չի կարելի, դա արդեն իմ տարածքը չէ։ Դժվարություններ են առաջանում այն ժամանակ, երբ սկսում են ինքնագլուխ գործել, համոզված ես լինում, որ դու անսխալ ես, ցանկանում ես մասնակցել քաղաքական պատասխանատու որոշումներին և կադրային լուծումներին։ Դրա հետևանքով տուժում է ամուսնու վարկանիշը, տվյալ դեպքում` պետության առաջին դեմքի։ Դա կարծես կյանք լինի բեմի վրա, որտեղ ցանկացած սխալ տեսանելի է հանդիսատեսին։ Պետք չէ տարվել խաղով և մոռանալ հայ ընտանիքի ավանդույթների մասին։

– Պարոն Քոչարյանն արդեն երեք ամիս է` կալանքի մեջ է։ Այդ ընթացքում տեսակցե՞լ եք նրան։ Այս իրավիճակում ինչպե՞ս եք քաջալերում նրան և ձեր երեխաներին։

– Ընտանիքի անդամները շաբաթը մեկ անգամ այցելում են Ռոբերտին։ Նա սովորականի պես առույգ է և էներգիայով լի, թեև կարոտում է, հատկապես` թոռնիկներին։ Բայց նա նախանձելի տոկունություն ունի։ Անկեղծ ասած` նա է մեզ բարոյապես աջակցում, ոչ թե մենք նրան։

Չեմ կարող չասել` ինձ հիացնում է մարդու տոկունությունը, որն անօրինական կալանքի տակ է հայտնվել ոմանց չկայացած հավակնությունների քմահաճույքով և անազատության մեջ շարունակում է ապրել ու աշխատել գրեթե սովորական ռեժիմով։

Ռոբերտի բացակայության պայմաններում շատ հարազատ ու չափազանց անհրաժեշտ է դարձել նրա գիրքը։ Իրադարձությունների այս հորձանուտում շատ տեղին էր գիրքը, որը դարձավ անցյալի օբյեկտիվ վկա։ Գրքում Ռոբերտն անկեղծացել է` ցույց տալով օտարի աչքից հաճախ թաքնված իր ներաշխարհը։ Իմ կարծիքով` դա ոչ միայն պետության նախկին ղեկավարի ինքնակենսագրություն է, այլ Արցախի ու Հայաստանի բարդ ու հերոսական տարիների, մեր նորագույն պատմության տարեգրությունը։ Վստահ եմ, որ մեր թոռները միշտ հպարտանալու են իրենց պապով, «Կյանք ու ազատությունը» կդառնա նրանց սեղանի գիրքը։

– Դուք սեղանի գիրք ունե՞ք։

– Շատ եմ սիրում Միշել դը Մոնտենի «Փորձերը»։ Երբեմն վերընթերցում եմ Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն»։ Վերջին շրջանում հաճախ եմ ձեռքս վերցնում Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպերը։

– Իսկ տնեցիներն ինչպե՞ս են արձագանքում ստեղծված իրավիճակին։ Ի՞նչը կամ ո՞վ է ձեզ ուժ հաղորդում։

– Ներկան լի է անհեթեթությամբ, բայց չի կոտրել մեր ընտանիքի համերաշխությունը։ Երեխաները լավ հասկանում են` ինչ է այսօր տեղի ունենում երկրում։ Պետական քարոզչության մակարդակի հասցված բամբասանքներ, հանապազօրյա խնդիրներ լուծելիս անտեղի պաթոս, ամբոխահաճ հռետորություն, այլ կարծիք ունեցողների հանդեպ չհիմնավորված մեղադրանքներ, իրենց պարտված անցյալի փլատակների տակ մնացած մարդկանց խեղկատակություն. ահա թե ինչ ունենք այսօր։ Բայց ես վստահ եմ, որ այդ ամենը կանցնի։

Այսպես թե այնպես, մենք, ինչպես միշտ, հանգստություն ու զսպվածություն ենք պահպանում։ Արժանապատվությունը միշտ եղել է մեր ընտանիքի բոլոր անդամների գերակայությունը։ Մեր ազգականները, մտերիմներն ու ընկերները մշտապես մեր կողքին են։

Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չեն կասկածել Ռոբերտի իրավացիության մեջ, ովքեր մեր ծանր րոպեներին աջակցել ու շարունակում են աջակցել մեզ ընկերական ժպիտով, բարի խոսքով, հեռախոսազանգով և արարքով։ Անչափ շնորհակալ եմ, իմ սիրելի մարդիկ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ