Օսկանյանից տեղյակ չէր. ԲՀԿ-ն ՕԵԿ-ում էր/վիդեո/
Ինչպես տեղեկացրել էր Henaran.am-ը, այսօր, ժամը 17:00-ին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները պիտի հյուրընկալվեին ՕԵԿ կենտրոնական գրասենյակում:
Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, քիչ առաջ Աբովյան 43 հասցեում գտնվող ՕԵԿ գրասենյակ եկավ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, քիչ ավելի ուշ ներկայացավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս Henaran.am-ի լրագրողին հարցրեց, թե արդյոք Օսկանյանը եկե՞լ է և ստանալով դրական պատասխան` բարձրացավ վերև:
17.05
Արդեն բանակցությունները սկսվել են, սակայն դեռևս լրագրողներին չհաջողվեց պարզել, թե ՕԵԿ-ից ով է բանակցում: Նախնական տեղեկություններով ՕԵԿ շահերը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
18:08
Մոտ մեկ ժամ տևած բանակցություններից հետո ՕԵԿ կենտրոնական գրասենյակից դուրս եկան ՕԵԿ փոխնախագահներ, ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը և ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը: Հասնելով լրագրողներին` կանայք մի պահ հետ մնացին, իսկ տղամարդիկ մոտեցան և միանգամից սկսեցին խոսել:
Շահգելդյանը լրագրողներին ասաց, որ որ շատ կոնստրուկտիվ հանդիպում է կայացել: ‘ԲՀԿ-ի ներկայացրած հարցերն ու առաջարկները վաղը կքննարկվի ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստում, որից հետո կուսակցությունը իր պաշտոնական տեսակետը կներկայացնի’,-ասաց Շահգելդյանը: Թե ինչ է քննարկվել ներսում հարցին, Մհեր Շահգելդյանը նախընտրեց, որ դա ներկայացնի Վարդան Օսկանյանը` հավելելով սակայն, որ քննարկվել է այն ամենը, ինչ այս օրերին գրվում է մամուլում:
18:18 ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը լրագրողներին հայտնեց, որ քննարկել են օրակարգային հարցերը` այն է` նախագահական կառավարման համակարգից անցնել խորհրդարանական կառավարման համակարգի: Օսկանյանի բնորոշմամբ` շատ դրական հանդիպում էր, և քննարկվել է նաև մեծամասնական ընտրակարգից լրիվ համամասնականին անցնելու հարցը: Ըստ ԲՀԿ ներկայցուցչի` այս բովանդակությամբ հանդիպումները շարունակվելու են:
Լրագրողների մի մասը ցանկացավ մոտենալ Բիշարյանին, սակայն վերջինս խոժոռ հայացքով նայեց և սաստելով ասաց. ‘Ոչ մի լրացուցիչ բան, ամեն ինչ ասված է’:
Տեսանյութը` քիչ անց: