Օպերայի տարածքում սկսել են տարածքի բարեկարգման աշխատանքները /տեսանյութ/
Այսօր՝ մարտի 16-ի առավոտից Երեւանի քաղաքապետարանը շարունակում է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Նշենք, որ թե երեկ, թե այսօր իտարբերություն նախորդ օրերի, բողոքի ակցիաներ չեն ընթանում:
Քաղաքապետարանը Օպերայի մերձակայքում սրճարանների նախկին վարձակալներին մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։ Քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքներն սկսել է մարտի 13-ին, իսկ արդեն մարտի 14-ին աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ, վնասվածքներ էին ստացել ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Բերման էր ենթարկվել 22 մարդ, որոնք ավելի ուշ ազատ էին արձակվել:
Ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել «Ջազզվե» սրճարանի ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը՝ նշելով, որ ցավոք, իրենց հետ երկխոսել չկամեցան ու որոշեցին շփվել ուժի լեզվով: Նա կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները: Իր հերթին քաղաքապետ։ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Օպերայի տարածքից բոլոր սրճարանները պետք է դուրս գան։
Իր հերթին «Ատմոսֆերա» ՍՊԸ-ի սեփականատերերից Էլիզաբեթ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պատրաստվում են դատարան դիմել իրենց գույքը փչացնելու համար: