Շուկայում առաջանալու են գերիշխող խաղացողներ․ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը նախատեսում են ավելացնել 60 անգամ /տեսանյութ/
Հարկային բարեփոխումների շրջանակում նախատեսվում է լիցենզվորման տուրքի փոփոխություն, ըստ նախագծի՝ նախատեսվում է գրավատների և փոխանակման կետերի տարեկան լիցենզիայի տուրքը բարձրացնել 60 անգամ, այսինքն՝ փոխանակման կետերի տարեկան տուրքը 50 հազարից կդառնա 3 մլն դրամ, իսկ գրավատներինը՝ 100 հազարից կդառնա 6 մլն դրամ։ Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լոմբարդ սթրիթ» ՍՊԸ տնօրեն, տնտեսական գիտությունների թեկնածու Մխիթար Ասլանյանը։
«Նման բարձրացումը չունի ոչ մի տնտեսական հիմնավորում, չկա ոչ մի վերլուծական աշխատանք այս թվերի հիմքում, թե ինչի հիման վրա են որոշել համապատասխան բարձրացում իրականացնել, կարող ենք միայն որոշակի ենթադրություն անել համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների կողմից կատարված հայտարարություններից»,- նշեց Մխիթար Ասլանյանը։
Ըստ նրա՝ լիցենզիայի տուրքի բարձրացման արդյունքում բանկերն ընդամենը 4 մլն ավել են վճարելու, բանկերի տուրքը այս նախագծով 3 միլիոնից դառնալոեւ է 7 մլն, իսկ գրավատների և փոխանակման կետերի տուրքը բարձրանալու է 60 անգամ։
«Ստացվում է, որ բանկերը զգալի օգտվելու են, այն դեպքում, երբ գրավատների միջին շահույթը կազմում է 13 մլն դրամ տարեկան կտրվածքով։ Արդյունքում որոշ տնտեսվարողներ դուրս են գալու շուկայից, շուկայում առաջանալու են գերիշխող խաղացողներ։ Չի բացառվում, որ որոշ գրավատներ մնան շուկայում, բայց հիմնականում գերիշխող դիրք են գրավելու բանկերն ու վարկային կազմակերպությունները»,- ասաց Ասլանյանը։
Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է 60 անգամ ավելացնել գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքը: Գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 միլիոն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք:
Ավելին՝ տեսանյութում: