Գործն ուզում են ուղարկեն դատարան, այնուհետև դատարանին ճնշեն այնքան, մինչև պարոն Քոչարյանին մեղավոր ճանաչի. Հայկ Ալումյան /տեսանյութ/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ ՀԾՔ-ի կողմից ներկայացրած միջնորդության քննությունը։
«Կարելի է ասել, որ այս նիստի ընթացքում մեր դատավարական հակառակորդները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, նրանք պնդում են, որ Քոչարյանի կալանավորումը երկու ամսով հետաձգվի, և բերում են նույն փաստարկները, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը։ Վաղը մենք կհնչեցնենք մեր գնահատականները։ Այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել, վաղվա նիստի հետ կապված դեռ տեղյակ չենք»,- նշեց Հայկ Ալումյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարան ներկայացրած երկու բողոքների հետ կապված որևէ նորություն չկա։
«Մենք այսօրվանից ուզում ենք հասկանալ, թե ինչի վրա է հիմնվելու մեղադրանքը, ցանկացած ցուցմունք, որ կարդում ենք, հասկանում ենք, որ դրանք անգամ ամենակողմնակալ ձևով գնահատելու դեպքում չպետք է ծառայի մեղադրանքների նպատակներին։ Մեզ համար գնալով հասկանալի է դառնում, որ խնդիրը հավանաբար այսպես է նախատեսված, որ այն ուժային ձևով լուծեն։ Այսինքն՝ գործն ուղարկեն դատարան, այնուհետև դատարանին ճնշեն այնքան, մինչև պարոն Քոչարյանին մեղավոր ճանաչի։ Որևէ օբյեկտիվ դատարան, ներկայիս մեղադրանքով, չպետք է որ դատական վճիռ կայացնի»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։
Մանրամասները`տեսանյութում: