Վազգենին ճանաչելու համար պետք է կարդալ նրա պատմվածքները. Կարինե Խոդիկյան
Այսօր լրանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար և սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60 տարին : Նրա գրչակից ընկերներն այսօր հիշում են նրան ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլև որպես գրող և հրապարակախոս:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նշում է, որ Վազգենի մասին խոսելիս պետք է խոսել տարբեր վազգենների մասին՝ Վազգեն հրապարակախոսի, արձակագրի, «Գարուն»-ական, ղարաբաղյան շարժման և երկրապահի մասին: Վազգենին ճանաչելու համար պետք է, նախ և առաջ կարդալ նրա պատմվածքները: Նա բացառիկ շնորք ուներ, կարողանում էր սովորական մարդու մեջ տեսնել տիեզերքը:
«1989 թվականին մեկ ամիս չէինք տեսել , երբ Երասխավանում նրան տեսա, իմ առաջ ուրիշ Վազգեն էր կանգնած, հոգսաշատ, մորուքով և զինվորական հագուստով: Ես նայում և մտածում էի. սա իմ իմացած Վազգենն է և չէ: Եվ այդ ժամանակ հասկացա, որ նրա կյանքի գարունական շրջանը ավարտվեց». հիշում է Կարինե Խոդիկյանը:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ավելացրեց, որ Վազգենը եզակի մարդ էր, երբ մեկը իրեն լավ մի բան էր անում նա երբեք չէր մոռանում և միշտ ուզում էր մի լավ բան արած լիներ: Նա ցավում է, որ ժողովուրդը նրան որպես հրապարակախոս և արձակագիր չի ճանաչում: Նա նշեց, որ Վազգեն Սարգսյանի առաջին գիրքը «Հացի փորձություն»-ն է, իսկ երկրորդ գիրքը՝ «Խաղը» վերնագրով, տպագրվել է նրա մահից հետո, որտեղ զետեղվել են նրա ակնարկները, հոդվածները և լավագույն էսսեները: