06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

3 ամիս հետո բոլորովին ուրիշ պայմաններում ենք ապրելու. Վազգենը հոկտեմբերի 22-ին խոստացավ . Իրատես

Երբ հոկտեմբերի 6-7-ը գնացինք Յալթա` ԱՊՀ վարչապետների նիստին, հետդարձին ինքնաթիռում սրտներիս ուզածի չափ հարցազրույց տվեց մեզ ու պաշտպանության նախկին նախարարի հպարտությամբ պատմում էր քանի «Սու» է Գրաչովից պոկել և դեռ ինչեր է բերելու:

Հետո հարցրեց` ծով գնացի՞ք, լողացա՞ք: Ես ասացի, որ ամեն երեկո գնացել եմ ծով, բայց ջուրը սառն էր, մենակ քարեր եմ հավաքել: «Քա՞ր ես հավաքել, տուր տեսնեմ»: Ստիպված էի պայուսակիցս հանել հավաքածս քարերը ու լցնել ինքնաթիռի սեղանիկին, իսկ վարչապետը… իմ հավաքած քարերից ընտրեց իրեն դուր եկածները ու լցրեց գրպանը.

«Տալիս ես, չէ՞, չնայած իմ հավաքածն ավելի սիրուն է, բայց քոնն էլ ոչինչ»: Ես դա էլ չգրեցի: Երբ հոկտեմբերի 22-ին գնացել էինք Գյումրի ու Շիրակի մարզպետարանում վարչապետ Վազգեն Սարգսյանը ներկայացնում էր նորանշանակ մարզպետ Ֆելիքս Փիրումյանին, պատմեց, թե ինչպես մի քանի ամսում լուծվելու է Ղարաբաղի հարցը («Ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ Հեյդարը չմեռնի, քանի պայմանագիրը չենք ստորագրել»), ինչպես է բացվելու հայ-թուրքական սահմանը, ինչքան փող է բերել Համաշխարհային բանկից ու Եվրաբանկից` ոնց է գործարանները բացելու:

Մարզպետարանի դահլիճը փոքր էր, նախագահությունը մի սեղան էր, որի կողքին հին ու նոր մարզպետներն ու վարչապետն էին, մեկ մետրից էլ կարճ տարածություն էր մեզ բաժանում ու ես տարակուսած նայում էի ուղիղ Վազգենին` չկողմնորոշված` հիմա գրե՞մ, թե՞ չգրեմ` էս ինչեր է ասում, և հանկարծ, առանց ձայնի երանգը փոխելու, առանց գոնե կարճ դադարի` լսում եմ.

«Ես ձեզ խոսք եմ տալիս, որ 3 ամիս հետո բոլորովին ուրիշ պայմաններում ենք ապրելու, գրելու ես, բա ինչ ես անելու, բոլոր ասածներս էլ գրելու ես, Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական սահմանի հարցը լուծելուց հետո սկսելու ենք արդյունաբերությունը վերականգնել»: Ես չգիտեի, որ վերջին անգամ եմ գրելու:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ