Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը պատրաստակամ է աջակցել ՀՀԿ-ին նաև ապագայում
Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում այսօր տեղի է ունեցել Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության նախագահ Անդերս Պաստրանայի և Եվրոպայի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիցի գլավորությամբ ՀՀ-ում գտնվող պատվիրակության հետ հանդիպում, որին մասնակցել է նաև կառույցի քարտուղար Սեզար Ռոսելլո:
Հանդիպումը կայացել է Դեմոկրատների Միջազգային Միության նախագահի տարածաշրջանային այցի շրջանակներում:
Ողջունելով հյուրերին կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բարձր գնահատեց Դեմոկրատների Միջազգային Միության համաշխարհային քաղաքական ընտանիքի հետ համագործակցությունը և ՀՀԿ պատրաստակամությունը հայտնեց առավել ներգրավված լինել կազմակերպության գործունեության մեջ:
Հյուրերի խնդրանքով Արմեն Աշոտյանն անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային խնդիրներին, ներկայացրերց ՀՀԿ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ:
Նախագահ Պաստրանան ընդգծեց, որ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը նաև ապագայում՝ ընդլայնելով շփումները բոլոր մակարդակներում՝ քաղաքական, փորձագիտական և այլն:
Արմեն Աշոտյանը խիստ կարևորեց ՀՀԿ անդամակցությունն Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն, ընդգծեց, որ Հանրապետականը մշտապես զգացել է ԵԺԿ սատարումը, հատկապես այսօր, երբ կուսակցությունը անցնում է իր պատմության հերթական շրջանը:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց կուսակցության բարեփոխումների և արդիականացման ծրագիրը:
Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ 21-րդ դարում ավանդական կուսակցությունները պետք է կարողանան մշտական արդիականացման գործընթացում լինել, որպեսզի պայքարեն գլոբալ պոպուլիզմի լոկալ դրսևորումների դեմ:
ՀՀԿ գրասենյակ