26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հացը էլի թանկանալու է. Փաստ

Վերջին շրջանում հացը կրկին 10-20 դրամով թանկացել է: Նախորդ թանկացումը մոտ 6 ամիս առաջ էր տեղի ունեցել: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ վերջին 6 ամիսների ընթացքում հացը թանկացել է 20-30 դրամով, ինչը, համաձայնեք, որ բավականին մեծ հարված է միջին և ցածր եկամուտ ունեցող սպառողների համար, որոնք կազմում են ազգաբնակչության մոտավորապես 70 տոկոսը:

Հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում և ինչու է հանկարծ մեկ գիշերվա մեջ հացը կրկին սուսուփուս թանկացել, թերթը փորձեց կապ հաստատել հաց արտադրող մի քանի ընկերությունների հետ: Մարտունու «Արև -1» հացի գործարանից մեզ տեղեկացրին, որ իրենք մշտապես տեղական ալյուրից են հաց թխել, և վերջին շրջանում իրենց հացի գինը երբեք էլ չեն թանկացրել: Այսինքն՝ ալյուրի միջազգային գներից կախված չեն եղել: Ինչ վերաբերում է փռի գործունեությանը, ապա ընկերության հաշվապահը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկայում իրենք դադարեցնելու են հացի արտադրությունը, քանի որ այն այլևս եկամտաբեր չէ:

«Ամբողջ եկամուտը հոսանքի ու գազի վարձը վճարելուն ենք ուղղում, տակը ոչինչ չի մնում, քանի որ մեր ապարատները հին են, շատ են հոսանք ծախսում»,- ասաց գործարանի հաշվապահը: 

Փորձեցինք նաև կապ հաստատել «Բոքոնիկ» հացաբուլկեղենի ցանցի տնօրինության հետ, սակայն տեղեկատվական բազայում նշված՝ ընկերության մասնաճյուղերի հեռախոսահամարների մի մասին պատասխանող չկար: Մասնաճյուղերից մեկից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ հացի գինը չի թանկացել: Չնայած, մեր լրագրողը այստեղ հացաբուլկեղենի թանկացում, այնուամենայնիվ, արձանագրել էր: Հարցին, թե ալյուրն իրենք ինչ գնով են ձեռք բերում, հեռախոսին պատասխանող մատակարարման բաժնի աշխատակիցն ասաց, որ ինքը նման հարցերի պատասխանել չի կարող:

«Մոտեցեք մասնաճյուղերի մենեջերներին, իրենց նման հարցերով դիմեք: Ես իրավասու չեմ նման հարցերի պատասխանել»,- ասաց աշխատակցուհին:

«Ալեքս Գրիգ» ընկերությանը պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի հետ նույնպես կապ հաստատել չհաջողվեց, չնայած, որ հացի տեսականու թե՛ առաջարկը, թե՛ վաճառքն ամենաշատն այնտեղ է: Մեր բոլոր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան, թեև մեր լրագրողական դիտարկումները ցույց են տվել, որ առաջինը հենց այս խանութների ցանցում է հացամթերքը թանկացել. լավաշը 25 դրամով, հացը՝ 10:

«Սևանի հացի գործարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենց արտադրատեսակներից միայն լավաշի գինն է թանկացել, քանի որ ալյուրի գնի թանկացման պայմաններում հնարավոր չի եղել լավաշի գինը նույնը պահել:

«Հացի թանկացման պատճառն այն է, որ ալյուրն է թանկացել: Մեկ պարկի գինը 3 դոլարով թանկացել է: Եթե նախկինում այն 21 դոլարով էինք ձեռք բերում, հիմա այն դարձել է 23 դոլար: Բայց ալյուրի գինը կարող է ավելի թանկանալ, քանի որ Ռուսաստանում արդեն թանկացել է»,- ասաց Ա. Ավետիսյանը:

Ստացվում է, որ այս թանկացումը դեռ վերջինը չէ, ավելին՝ առաջիկայում կարող է էլ ավելի թանկանալ: Այնպես որ, մեզ մնում է կա՛մ հաց ուտելուց հրաժարվել, կա՛մ քանակը պակասեցնել: Երկու դեպքում էլ կրկնակի կշահեք՝ և՛ չեք գիրանա, և՛ գումար կխնայեք:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ