22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սրա մեջ տեսնում ենք միտումնավոր կամայականություն. Համազգային պետական թատրոնի անձնակազմը՝ լուծարման որոշման մասին

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, թե Համազգային թատրոնը հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի վրա, դերասանական կազմը մի կուրսից է եղել: Թատրոնը հիմնվել է ինստիտուտի ակտիվի հիման վրա: Մեր երկրորդ չափանիշն այն է, որ, եթե թատրոնը պետք է մնա ամբողջությամբ պետական դոտացիայի տակ, ուրեմն պետք է ունենա ժանրային առանձնահատկություն: Իսկ իրենց թատրոնը որևէ ժանրային առանձնահատկություն չունի, բացի նրանից, որ Սոս Սարգսյանի կողմից է հիմնադրված, դրա համար մենք ուղղակի առաջարկում ենք, որ այն մտնի ինստիտուտի կազմի մեջ, և ուսանողական հարթակի ու դրամատիկական պրոֆեսիոնալ թատրոնի միջև եղած կապող օղակ լինի, որտեղ կլինեն տարբեր ռեժիսորներ, ուսանողներ, նոր ավարտածներ, կդրվեն փորձարարական ներկայացումներ:

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն ՊՈԱԿ-ի անձնակազմն անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը՝ նշեց. 

«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին, երբ Սոս Սարգսյանը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում կուրս չի ունեցել: Թատրոնը հիմնադրել է Սոս Սարգսյանը՝ իր համախոհներ Դավիթ Հակոբյանի, Կարինե Ջանջուղազյանի, Գալյա Նովենցի, Կարեն Ջանիբեկյանի, Շահում Ղազարյանի և այլոց հետ:

Նշված մարդկանցից և ոչ ոք չի եղել Սոս Սարգսյանի ուսանողը: Համազգային թատրոնը չի սպասարկել որևէ կուսակցական շահ, թատրոնի խաղացանկում չեն եղել կուսակցական գաղափարախոսություն տարածող ներկայացումներ: Ինչ վերաբերում է թատրոնի՝ ամբողջական դոտացիայի տակ լինելու մասին հայտարարությանը, ապա ՀՀ կառավարության կողմից պետական բյուջեից թատրոնին հատկացվող դոտացիան մասնակի է, որն ամբողջությամբ ուղղվում է թատրոնի անձնակազմին տրվող աշխատավարձերի ֆոնդին, իսկ բեմադրությունների կազմակերպման և մնացած ընթացիկ ծախսերը վճարվում են թատրոնի տոմսերի վաճառքից և նվիրատվություններից ձևավորվող տարեկան արտաբյուջեից: Թատրոնի ժանրային առանձնահատկության բացակայության վերաբերյալ էլ հայտնում ենք, որ ՀՀ-ում գործունեություն իրականացնող որևէ թատրոն կամ մշակութային հաստատություն ժանրային առանձնահատկության պարտադրանք չունի»:

Ինչ վերաբերում է մի շարք ՊՈԱԿ-ների լուծարման մասին տեղեկանքը գաղտնի պահելուն՝ դերասան Դավիթ Հակոբյանը նկատեց.

«Քիմիական նոր զե՞նք են սարքել, որ գաղտնի են պահել: Թափանցիկության խնդիր կա: Այսինքն, մենք իրավունք չունե՞նք իմանալ, թե ի՞նչ են մտածում մեր մասին: Փառք ու պատիվ նրան, ով տարածեց սա: Հիմա տեսե՛ք, կառավարության կողմից մեսիջ կա բոլոր նախարարություններին, որ ճանապարհներ գտնեն ավելորդ հաստիքների կրճատման համար: Սա նորմալ է, բայց օպտիմալացնում են այնտեղ, որտեղ ոչինչ չի արվում, անգործության են մատնված և գումար են մսխում: Բայց, օպտիմալացնել թռիչքի մեջ գտնվող, ապրող կառույց, նման է նրան, ոնց որ բժիշկը դիտավորյալ առողջ մարդու թոքը կտրի»:

Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն ու գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն էլ խոսելով հետագա անելիքների մասին՝ ասացին, որ թույլ չեն տալու, որ նախագիծը հաստատվի: «Սրա մեջ տեսնում ենք միտումնավոր կամայականություն»,- նկատեց Արման Նավասարդյանը:

Թատրոնի տնօրենը հայտնեց նաև, որ Մշակույթի փոխնախարարին հրավիրել են ներկայացումներ դիտելու, բայց նա չի եկել: «Չեն եկել, հետաքրքիր չի իրենց: Ավելի լավ է՝ չնայեն ու նման որոշումներ կայացնեն, քան գան նայեն, բա որ հավանե՞ն ներկայացումը, այդ դեպքում ի՞նչ որոշում են ընդունելու»,- նշեց Արման Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող կազմակերպություններից որոնք է առաջարկվել լուծարել, վերակազմավորել կամ վերակազմակերպել: Այսպես՝ առաջարկել են լուծարել. «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ը: Լուծարման հիմք նշված է այն, որ թատրոնը գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ: Առաջարկվում է լուծարել և ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական և փորձարարական հարթակ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ