Մենք չորս քաղաքապետ ենք փոխել և ոչ մի քաղաքապետի մտքով չի անցել պահանջել մեզնից տարածքն ազատել… «չեն մարսելու». խմբագիրներ
Քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրություններ օրեր առաջ ծանուցում են ստացել, ըստ որի ՝ պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը, մոտավորապես տասը տարի այդ տարածքում մի շարք լրատվամիջոցներ են գործում:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Նյութ» լրատվական գործակալության խմբագիր Աշոտ Աղաբաբյան, ԱՌԿԱ լրատվական գործակալության խմբագիր և «Անդին» գրական գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը հարցը բարձրաձայնելու նպատակով այսօր ասուլիս էին հրավիրել:
Հայելի ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը լրագրողների հետ հանդիպմանը նախ նշեց՝ հստակ է, որ այդ որոշումը դատական կարգով վիճարկելու են: «Մենք սպասում էինք, որ այսպիսի քայլեր կարող էին լինել, բայց ոչ այս արագությամբ»,-ասաց նա և նշեց, որ ազատ տարածքներ կան, որոնք կարող է քաղաքապետարանը օգտագործել արդյունավետ:
Անժելա Թովմասյանն ընդգծեց. «Ես խոստանում եմ, որ այս ամենը հեշտ չի մարսվելու»:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ ասաց, որ ծանուցման մեջ նշված էր, որ որոշումը կայացվել է հանրային գույքը արդյունավետ օգտագործելու նպատակով: «Այնքան արդյունավետ, որքան մենք ենք օգտագործում այս տարածքները, դժվար է պատկերացնել: Այսինքն` հանրային արդյունավետության մասին խոսք անգամ լինել չի կարող»,-ասաց նա:
«Հրապարակ» թերթի խմբագիրը նշեց, որ այս ամենը ցույց է տալիս, որ այս իշխանությունն ավելի վատ է գնահատում ազատ խոսքը, մամուլը, քան նախորդ իշխանությունները: «Մենք չորս քաղաքապետ ենք փոխել և ոչ մի քաղաքապետի մտքով չի անցել պահանջել մեզնից տարածքն ազատել: Պատերն անգամ մենք ենք կառուցել: Մեկ ամիս առաջ նորոգում ենք կատարել, ո՞վ է փոխհատուցելու այդ ծախսերը: Մենք լիարժեք իրավունք ունենք շարունակել մեր գործունեությունն այս շենքում»,-ասաց նա:
Ավելին` տեսանյութում: