Պարզվում է Հանրապետական կուսակցության իշխանությունը մամուլի եւ ժողովրդավարության արժեքն ավելի լավ է հասկանում, քան նոր իշխանությունները. խմբագիր
Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ Բուզանդի 1/3 շենքում գտնվող լրատվամիջոցները պետք է լքեն տարածքը հինգ օրվա ընթացքում։ Այդ մասին ասել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ով այսօր ստացել է ստացել ծանուցում։
Օհանյանը տեղեկացրել է, որ ժամանակին Երեւանի ավագանու որոշմամբ այս տարածքը լրատվամիջոցներին տրվել է անհատույց, եւ տարիների շարունակ 5-6 լրատվական կազմակերպություն գործունեություն են ծավալել այդ շենքում։ Նկատենք, որ այս հասցեում գործունեություն են ծավալում «Հայելի» ակումբը, «Հետք» պարբերականը», «Առկա» լրատվական գործակալությունը, «Ա1+» և այլն:
«Հրապարակ» օրաթերթի խմբագիրը մտադիր է բողոքարկել Երեւանի քաղաքապետի որոշումը, բայց մինչ այդ անհրաժեշտ է համարում հստակեցնել, թե ինչ հիմքերով է կայացվել որոշումը։ «Իհարկե կողոքարկենք։ Երբ եկել եմ այստեղ ամայի տարածք էր, դատարկ չորս պատ, եւ շատ մեծ գումարներ ենք ծախսել այս ընթացքում. նորոգել ենք, պատուհաններ փոխել, տարիներ շարունակ բարեխղճորեն սպասարկման գումար վճարել։
Այսինքն եթե պետությունը մի փոքր ժեստ է արել եւ ազատել մեզ վարձակալական գումարներից, բայց մենք էլ մեր պարտականություններն ենք բարեխղճորեն կատարել՝ գտնվելով այս շենքում։ Հիմա ինչի՞ հիման վրա եւ ի՞նչ են ուզում անել այս շենքի հետ։ Ի վերջո, արդյոք բոլո՞ր լրատվամիջոցների նկատմամբ է այս վերաբերմունքը։ Օրինակ, «Հայկական ժամանակ»-ին Իսրայելյան 37 հասցեից հանելո՞ւ են, թե՞ որոշել են միայն «Հրապարակին» հանել, քանի որ մենք իշխանության կողմից չսիրված լրատվամիջոցների թվին ենք պատկանում»,- նշել է Օհանյանը։
Հարցին՝ տեսնո՞ւմ է արդոք միտում տեղի ունեցածի հետ կապված՝ Օհանյանը պատասխանել է. «Դե, իհարկե։ Պարզ չէ՞, որ միտում կա, եթե պետությունը տարբեր վերաբերմունք է ցուցաբերում տարբեր լրատվամիջոցների նկատմամբ։ Ի վերջո, ամբողջ աշխարհում ընդունված է, որ պետությունը սուբսիդիաներ է տրամադրում լրատվամիջոցներին, հարկերից է ազատում, տպագրական դրամաշնորհներ են տրամադրվում , հազար ու մի պայման են ստեղծում։ Մեզ համար ի՞նչ են արել։ Ընդամենն ազատել են վարձակալության գումարներից, ասելով, որ կարող եք շենքում ձեր գործունեությունը ծավալել։ Հիմա ի՞նչ է փոխվել։ Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանությունը մամուլի եւ ժողովրդավարության արժեքն ավելի լավ է հասկանում, քան նոր իշխանությունները»։