Այսօր մենք մեզ զգում ենք ավելի շատ լքված, ցանկություն կա վաճառել ամեն ինչ ու հեռանալ Հայաստանից. հանգստյան տան սեփականատերը՝ Փաշինյանին
Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տան սեփականատերը հայտարարեց, որ ինքը իրեն համարում է լքված։
«Այսօր մենք մեզ զգում ենք ավելի շատ լքված, հուսալքված վիճակում, որովհետև շատ մեծ քայլ էր, իհարկե, որ մարդկանց բանկային պարտքերը, տոկոսները և տուգանքները ներվեցին, բայց ընկերությունների վերաբերյալ ոչ մի քայլ չեղավ», – ասաց նա։
Նա շեշտեց՝ արդեն ցանկություն կա վաճառել ամեն ինչ ու հեռանալ Հայաստանից։
«Ումի՞ց եք լքված, նոր ինչի մասին էին խոսում մարդիկ. խոսում էին, որ մարդն իր ուժին պետք է հավատա, դուք, կներեք, հին տնտեսական համակարգի ներկայացուցիչ եք, որը տնտեսական գործունեություն անելու համար պետք է հովանավոր ունենա, «կրիշ» ունենա», – արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էսօր, գիտեք, ինչքան մարդ է վարկ վերցնում, գնում նիվա առնում, հետո խմում, նիվան խփում պատին, հաջորդ պահին ասում՝ կառավարություն, բա մեր համար բան չես անո՞ւմ, ի՞նչ անի կառավարությունը էդ մարդկանց համար», – նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ հստակ քաղաքականություն են վարում, որ բանկի տոկոսները իջնեն։
«Բայց ձեր պատմության առաջին պատասխանատուն դուք եք, որովհետև կառավարությունը չի վարկը վերցրել», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց՝ անցել են ժամանակները, երբ վարչապետի զանգով վարկ ստանան, տոկոսները իջեցնեն։
«Բոլորի համար պայմանները պետք է լինեն նույնը, կառավարությունից ձեզ համար հաղթանակ մի ուզեք, ձեր հաղթանակները դուք ինքներդ պետք է կերտեք», – ասաց Նիկոլ Փաշինյանը։