Տեսնում եմ շատ կոնկրետ ձևեր, մեթոդներ՝ ինչպես Ղարաբաղը ներգրավել բանակցություններում. Փաշինյան
Արցախյան հիմնախնդրի բանակցություններում մեր կարևորագույն խնդիրներից մեկը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցության հարցը եղել է այս ընթացքում տեղի ունեցած քննարկումների կարևորագույն կետերից մեկը։
«Նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմը ամեն անգամ Արցախի՝ բանակցային գործընթացում ընդգրկվելու առաջարկներին ու թեմաներին արձագանքում է հետևյալ կերպ՝ եթե հայկական կողմը բանակցություներում ներգրավի Արցախին՝ որպես բանակցային կողմ, ադրբեջանական կողմը իր հերթին կներգրավի Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին։ Իրականում այս դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի։ Խնդիրը հետևյալն է՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը այս ընթացքում միշտ մասնակցել ու այսօր էլ մասնակցում է բանակցային գործընթացին և ըստ էության տեղի չի ունեցել անգամ մի բանակցային խոսակցություն, որին ադրբեջանական համայնքը ներկայացված չլինի։ Ինչպե՞ս։ Այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացի և հետևաբար, Ադրբեջանի նախագահը ընտրված է այդ համայնքի կողմից ու իշխանությունները ունեն մանդատ՝ ներկայացնելու այդ մարդկանց», – բացատրեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, եթե ադրբեջանական կողմը նման պնդում է անում, ապա նշանակում է, որ չունի մանդատ՝ ներկայացնելու Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի շահերը բանակցություններում։
«Եթե Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չի ներկայացնել ամբողջ Ադրբեջանը և դրա ժողովրդին, ապա ինչ մանդատով է այդ կառավարությունն ընդհանրապես մասնակցում բանակցություններին։ Մեր կառավարությունը շատ ուղիղ է ասում՝ մենք չունենք մանդատ և լիազորություն՝ բանակցություններում ներկայացնել Ղարաբաղը և նրա ժողովրդին, այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում։ Իրենք ունեն իրենց խորհրդարանը, իրենց նախագահը, որոնք կարող են ներկայացնել ժողովրդին։ Այս քննարկումները, որոնք տեղի են ունենում Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ, իրականում, ես համարում եմ բավական լուրջ առաջընթաց, որովհետև ես տեսնում եմ շատ կոնկրետ ձևեր, մեթոդներ, թե ինչպես կարելի է Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավել բանակցություններում, և մենք հիմա այդ ձևերի ու մեթոդների քննարկման մեջ ենք։ Այդ մեթոդները կքննարկենք միջազգային մեր գործընկերների հետ», – հայտարարեց վարչապետը։