Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան. ադրբեջանագետ
«Այս պահին խոսք չի գնում արցախյան հարցում լուծման ինչ-որ տարբերակ գտնելու մասին: Այն ընդամենը փոխվստահության որոշակի մթնոլորտ ստեղծելու, ագրեսիվ հռետորաբանությունը բացառելու և սահմանային լարվածության մասին է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության ծրագրին՝ Տաթև Հայրապետյանը նկատեց.
«Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում: Խոսքը զուտ դիվանագիտական որևէ հաղթանակ գրանցելու մասին չէ: Իսկապես, եթե դու ուզում ես խաղաղություն ձեռք բերել՝ Արցախի բնակչության ձայնը պետք է լսելի լինի՝ Արցախի իշխանության ներկայացվածությամբ: Թե՛ վարչապետը, թե՛ ԱԳ նախարարն իրենց հայտարարություններում այս մասին բարձրաձայնում են: Բնականաբար, Բաքուն փորձելու է ամեն ինչ անել՝ դա կանխելու համար, բայց արդեն խնդիրն այն է, թե որքա՞ն ենք մենք տարբեր հարթակներն օգտագործում, որպեսզի հասկանալի դարձնենք մեր մոտեցումը նաև միջազգային գործընկերներին, և նրանք հասկանան, որ դա ինքնանպատակ չի ասվում. եթե ուզում ենք հասնել խաղաղության՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան»:
Ադրբեջանագետի խոսքով՝ այս պահի գլխավոր առաջընթացը, որ ունի հայկական կողմը, սահմանում զոհերի թվի կտրուկ անկումն է:
«Վերջին շրջանում լարվածության թուլացման ֆոնին մարդկային կյանքեր պահելը, կարծում եմ՝ լրջագույն ձեռքբերում է: Ինչ վերաբերում է մնացած գործընթացներին՝ այս պահին որևէ դիրքորոշում չկա: Կա միայն քննարկում՝ հասկանալու դիմացինի դիրքորոշումը՝ այս կամ այն հարցի հետ կապված»,- հավելեց Տաթև Հայրապետյանը:
Հարցին՝ Նախիջևանի հետ կապված քննարկումներ եղե՞լ են, ադրբեջանագետն ընդգծեց, որ այդ հատվածում մենք տարածքային կորուստներ չենք ունեցել, միայն դիրրքային փոփոխություններ են եղել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից:
«Սա այն հարցը չէ, որի մասին հրապարակային խոսվի: Բայց վստահաբար կարող եմ ասել՝ այն, ինչ ադրբեջանական քարոզչությունը փորձում է ներկայացնել, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Տաթև Հայրապետյանը: