Պատմությանը ծանոթ մարդը Փաշինյանի այս ելույթից հետո կա՛մ աչքերը «չռել» է, որ «նման գիտելիքներ ունեցող մարդը պետության ղեկավար է, կամ մի «բոլ» ծիծաղել է»
Նիկոլ Փաշինյանի ելույթը իրականությունից կտրված ելույթ է: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, տեսակետ հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը;
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ։ Լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում, այնպես, ինչպես 7 տասնամյակ առաջ Գերմանիան, և ժողովրդավարությունը հաղթել է Հայաստանում:
«Նաև խորհրդանշական, քանի որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ելնում էր Հիմնադրամի գաղափարներից և սկզբունքներից: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ: Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել և խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ: Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլևս վտանգված չէ»,- իր ելույթում նշել է ՀՀ վարչապետը:
Շարմազանովի խոսքով՝ պատմությանը ծանոթ մարդը Փաշինյանի այս ելույթից հետո կա՛մ աչքերը «չռել» է, որ «նման գիտելիքներ ունեցող մարդը պետության ղեկավար է, կա՛մ մի «բոլ» ծիծաղել է»։
«Ես ունեմ բազմաթիվ հարցեր, օրինակ՝ Գերմանիայում Երկրորդ աշխարհամարտից առաջ իշխում էր Երրորդ ռեյխը՝ Ադոլֆ Հիտլերը։ Այսինքն, եթե Փաշինյանը զուգահեռ է անցկացնում իրենից առաջ եղած ՀՀ իշխանությունների և ֆաշիստական իշխանության միջև, նրան հարց եմ տալիս, կարելի՞ է դրանից ենթադրել, որ ֆաշիստական իշխանություններն են ազատագրել Արցախը, հաղթել երկու պատերազմում, ֆաշիստական իշխանությունների օրոք է ինքը դարձել պատգամավոր, դաշինքի ղեկավար, այդ ինչպե՞ս է լինում:
Ի՞նչ է նշանակում ազատությունը և համերաշխությունը հաղթեցին Հայաստանում: Ես կասեի՝ Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչը տեղի ունեցավ տասը տասնամյակ առաջ՝ Ռուսաստանում, որտեղ բոլշևիկները եկան իշխանության և ջնջեցին այն, ինչը եղել էր մինչև իրենց: Էդ ո՞ր համերաշխությունը հաղթեց Հայաստանում, որ պատգամավորներին և քաղաքական ընդդիմախոսներին շանտաժի և սպառնալիքի տարափ էին տալիս: Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, եթե երկրի ղեկավարը կանգնում և ասում է՝ չկա էնպիսի դատավոր, որ իմ ասածը չանի»,-հարցնում է Շարմազանովը:
Վերջինս ընդգծեց՝ չի կարող լինել ժողովրդավարություն մի երկրում, որտեղ եթե մամուլի գրառումները չեն գոհացնում իշխանություններին, դրանք անվանում են հակապետական քարոզչություն. «Ասում են՝ պետք է ֆեյք լուրերի դեմ պայքարել: Պարոն վարչապետ, Դուք իշխանության եք եկել առավոտից երեկո ֆեյք լուրեր տարածելով:
Նիկոլ Փաշինյանը ուզում է ասել, որ մինչև իրեն Հայաստանում եղել է հակաժողովրդավարական ռեժիմ: Նիկոլ Փաշինյանը լավ կանի մտածի նոր խոսի,-ասաց Շարմազանովը հիշեցնելով,- «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը, որտեղ Փաշինյանը ելույթ է ունեցել, ընդամենը մեկ օր առաջ ընդունել էր նախկին իշխանությա ներկայացուցիչներին: Այդ հիմնադրամն արդեն 10 տարի շարունակ ՀՀԿ-ի հետ գործակցության պայմանագիր ունի : ԵՄ-ն այդ հակաժողովրդական ռեժիմի հետ, ինչպես ինքն է ասում, որի անդամ է Գերմանիան, ասոցացման համաձայնագիր կնքել»,-նշեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը «տխրահռչակ պրոֆեսոր Գեբելսի հայրենիքում կիրառում է նրա մեթոդները», որն ասում էր, եթե ցանկանում եք, որպեսզի մարդիկ հավատան ձեր ստին, ավելի մեծ սուտ հորինեք։ «Ամոթ է, ամոթ, ինչքա՞ն կարելի է սեփական ես-ը, սեփական շահերը ավելի բարձր դասել պետության շահերից:
ՀՀԿ խոսնակը չի հասկանում՝ ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսքը գնալ, եթե ՀՀ 2-րդ նախագահը ձերբակալված է: Ըստ Շարմազանովի՝ Նիկոլ Փաշինյանի ասածից դուրս է գալիս, որ ՀՀ-ում մինչև իշխանափոխությունը գործել է ֆաշիստական ռեժիմ. «Հայաստանը համաձայնագիր է կնքել Եվրոպական միության հետ: Հարց Նիկոլ Փաշինյանին, ինչպե՞ս կարող է Եվրամիության երկիրը ոչ ժողովրդավարական պետության հետ համաձայնագիր կնքի: Սա էժան պոպուլիզմ է ուղղակի»: