Երանի թողեն, գաս նկարես … Վանաձորի ծննդատունը ‘վերանորոգվել է’ /ֆոտո, վիդեո/
Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում գործում է մեկ ծննդատուն: Սակայն Մ. Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի կազմում գործող ծննդատունը խոնավ է, պայմանները՝ անտանելի:
Շենքն ի սկզբանե նախատեսված չի էլ եղել ծննդատան համար. այն հիվանդանոցի առանձին բաժանմունք է եղել, սակայն տնակային պայմաններից հետո որպես ծննդատուն է ծառայում 1997 թվականից:
Երկու տարի առաջ Վանաձորում շատ էր խոսվում նոր ծննդատան կառուցման մասին: Խոսվեց, բայց ծննդատունն այդպես էլ չկառուցվեց: Henaran.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Մհեր Մարգարյանն ասաց, որ այն ժամանակ դրանք ուղղակի խոսակցություններ չէին: Նախագիծը կար, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով ծննդատունն իր խնդիրներով այդպես էլ մնաց:
Մոտ մեկ տարի առաջ ծննդատանը մասնակի վերանորոգում է կատարվել: ‘’Խոնավ տեղերը, փլված տեղերը մասնակի վերանորոգումով վերացվել են’’,-նշեց տնօրենը: Ընդհանուր առմամբ` ամբողջ համալիրի վերանորոգման համար տրամադրվել է 5-6 միլիոն դրամ:
Ծննդատան բուժաշխատողները, Henaran.am-ի թղթակցին պատմեցին, որ ծննդատանը կրկին ‘’խայտառակ’’ վիճակ է : ‘’Երանի թողեն, գաս նկարես, տեսնես` ինչ վիճակ է ներսում’’,-ասացին նրանք: Հարցին, թե ով է կատարել մասնակի վերանորոգումը, Մարգարյանը պատասխանեց, որ կոնկրետ որևէ ընկերություն չի զբաղվել դրանով, այլ մի քանի անհատներ: Վերջիններիս հետ պայմանագրեր են կնքվել, և նրանք ‘’կատարել են’’ իրենց աշխատանքը:
Հիվանդանոցի տնօրենը տեղեկացրեց նաև, որ նախկին ծննդատան հետ կապված բոլոր խնդիրները շուտով կավարտվեն, քանի որ 2013 թվականին նախատեսվում է նոր ծննդատուն կառուցել:
‘’Նախագիծը կա, աշխատանքները ակտիվ շարունակվում են: Մեր հիվանդանոցի հարևանությամբ գտնվող զորամասի տարածքում է կառուցվելու: Գալիք տավա սկզբին կսկսվեն, հաջորդ տարվա վերջին կավարտվեն’’,-ընդգծեց բժիշկը: Նոր ծննդատան կառուցման ծախսերը հոգալու է համաշխարհային բանկը: Ծնդատան կառուցման համար գումար կհատկացնի նաև ‘Տաշիր’ բարեգործական հիմնադրամը:
: