Հանցագործությունների թիվը 11.2 տոկոսով աճել է
2018-ին հանցագործությունների թիվը 11.2 տոկոսով աճել է: Եթե 2017-ին եղել է հանցագործությունների 20 284 դեպք, ապա 2018-ին այդ թիվը հասել է 22 551-ի:
«2017-ին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք, ապա 2018-ին դրանց թիվն աճել է մոտ 2.5 անգամ՝ կազմելով 1353:
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակի նկատի ավելացում տեղի է ունեցել մոտ մեկ քառորդ չափով. 2017-ին գրանցվել է 8102, 2018-ին` 10 112 սեփականության դեմ ուղղված հանցագործություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:
2018 -ին բացահայտվել է պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցված շուրջ 5,7 միլիարդ դրամի վնաս, իսկ 2017-ին այդ թիվը կազմել է շուրջ 735 միլիոն:
Ղուկասյանի խոսքով` համաներման օրենքի ընդունումից հետո համաներված որոշ անձանց կողմից կրկին հանցագործություններ են կատարվել. «Վերջին տվյալներով` ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն՝ այսօրվա դրությամբ. կատարվել է 1 ավազակություն, 28 գողություն, որոնցից 10-ը` բնակարանային: Մեր կողմից դեռ 10 տարի առաջ արված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ համաներում հայտարարելու հաջորդ տարվա ընթացքում ունենում ենք հանցագործությունների թվի աճ, բայց դա չի նշանակում, որ պետությունը մարդասիրական այդ քայլից պետք է հրաժարվի, և համաներումը սխալ քայլ է»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ անդրադարձել է տեխնիկական անձնագրերի դիֆիցիտին: Խնդիրը, ըստ Ահարոնյանի՝ ծագել է այն պատճառով, որ հանրապետություն են բերվել աննախադեպ թվով ավտոմեքենաներ:
«Ամեն ինչ արվում է՝ հնարավորինս արագ լուծելու խնդիրը: Ժամանակավոր տեխանձնագիրը չպետք է որևէ խնդիր առաջացնի: Մշտական տեխնիկական անձնագրի տրամադրման հետ կապված խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է», – ասել է Աշոտ Ահարոնյանը: