Ժողովրդի անունը շահարկելով՝ ինչեր կարելի է անել . գիշերներ են լուսացրել, բայց պարգեւավճարի մասին չեն մտածել /տեսանյութ/
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը տարակուսած է, թե ինչու «նոր Հայաստանում» հիմնական թեզը դարձավ «Ժողովուրդն է որոշում» կարգախոսը։ Այս մասին նա հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ՝ հիշեցնելով Հովհաննես Թումանյանի «Անկեղծ չենք» հոդվածը, որում նշվում է, թե ժողովրդի անունը շահարկելով՝ ինչեր կարելի է անել։ Տնտեսագետը զարմացած է նաեւ, թե ինչպես մի քանի ամիս աշխատելուց հետո կարող են պաշտոնյաներն իրենց պարգեւատրել։
Թաթուլ Մանասերյանը դեմ չէ պարգեւավճարներին, սակայն կարծում է, որ դրանք պետք է տալ արժանիներին։ Նա կարծում է, որ պետք է լինեն գնահատման չափորոշիչներ։ «Միգուցե կան մարդիկ, որոնք ավելին պետք է ստանային, միգուցե կան մարդիկ, որոնք սուրճ խմողներ են։ Ինչպե՞ս ենք տարանջատում, երբ պետական կառույցներում մի քանի հոգի ամբողջ բեռն են վերցնում իրենց վրա, մյուսները կարող են իմիտացիա ստեղծել։ Ես կարծում եմ, որ պետք է լինի լուրջ վերաբերմունք, պետք է վաստակեն այդ աշխատավարձերը, որ ստանում են, ապացուցեն, որ հարկատուների գումարները իզուր չեն մսխվել։ Դա էլ է կոռուպցիա, երբ իրենք նշանակավում են, բայց բանիմաց չլինելով, հետագիծ չունենալով, վտանգում են ամբողջական ոլորտներ։ Փորձադաշտի ենք վերածվում բոլորս»,- ասաց տնտեսագետը։
Աղքատության մասով տնտեագետ Մանասերյանը նկատեց, որ ունենք աշխատող աղքատներ։ Նա ծիծաղելի է համարում 180 տոկոս պարգեւավճար տրամադրելը գերատեսչության քարտուղարուհուն այն բանի համար, որ նա առավոտյան ժամը 8․30-ին է ներկայացել աշխատանքի։
Տնտեսագետը հիշեց, որ իրենք տարիներ շարունակ կեսգիշերից շուտ տուն չեն գնացել, գիշերներ են լուսացրել, որովհետեւ ծրագիր են մշակել եւ պատասխանատվության բեռ են վերցրել իրենց վրա։ Վարդան Բոստանջյանին զարմացրել է այն փաստը, որ ղեկավարն ինքն իրեն է պարգեւատրում։