23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թանկանալու են փաստաբանական ծառայությունների գները. փաստաբանները կբոյկոտեն

2019 թվականի հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հետ կապված հարցերը:

Նախագծով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել (այսուհետ՝ վիճելի դրույթներ):

Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը:

Քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Սիմոն Բաբայանը, Սեդրակ Ասատրյանը, Կարեն Մեժլումյանը, Մելանյա Առուստամյանը, Գևորգ Դավթյանը, Նիկոլայ Հակոբյանը, Էռնեստ Աբելյանը, Վահե Եփրիկյանը, Արամ Օրբելյանը, Լևոն Թորոսյանը, Թաթուլ Խուդատյանը, Լուսինե Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումները և առաջարկությունները:

Բանախոսները հիմնականում ներկայացրել են հետևյալ տեսակետները՝

Բացակայում է Նախագծով առաջարկվող փոփոխության հիմնավորումը՝ վիճելի դրույթների մասով.

Նախագիծը նախապես քննարկման համար չի ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատին՝ ի խախտումն ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջի.

Նախագիծը նախապես քննարկման համար չի ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին.

Նախագիծը փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների նկատմամբ խտրական մոտեցման արդյունք է և պարզ չէ, թե ինչու է ցածր շրջանառություն ունեցող տնտեսավարող հիշյալ սուբյեկտների նկատմամբ այլ հարկային ռեժիմ կիրառվելու.

Նախագծի ընդունման դեպքում թանկանալու են փաստաբանական ծառայությունների գները, քանի որ շրջանառության 5 տոկոս հարկը փոխարինվելու է ավելացված արժեքի հարկի 20 տոկոս և շահութահարկի 18 տոկոս դրույքաչափերով: Նախագիծն ընդունվելու դեպքում փաստաբանները կունենան երկու տարբերակ՝ թանկացնել ծառայությունների գները կամ թաքցնել իրական շրջանառությունը: Բարեխղճության կանխավարկածով ղեկավարվելու դեպքում, փաստաբանները թանկացնելու են ծառայությունների գները.

Վիճելի դրույթներով Նախագիծը վնասում է դատարանի մատչելիության իրավունքին, քանի որ ծառայությունների գների թանկացման արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանալու օգտվել փաստաբանի վճարովի ծառայություններից.

Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը անհամեմատ կավելանա, ինչը պետությանը կծանրաբեռնի լրացուցիչ պարտավորություններով, քանի որ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անվճար իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին.

Վիճելի դրույթներով Նախագիծը վնասում է փաստաբանի անկախությանը, քանի որ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի հարկման ռեժիմում հարկային վարչարարությունը ավելի բարդեցված է, քան շրջանառության հարկի հարկման ռեժիմում.

Նախագիծ մշակողը հաշվի չի առել փաստաբանական գործունեության իրավապաշտպան բնույթը և առանձնահատկությունները, այդ թվում՝ արդարադատության իրականացման հարցում կարևոր և առանցքային դերակատարումը, փաստաբանական ինստիտուտի զարգացման անհրաժեշտությունը:

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ՝

Կազմակերպել քննարկումներ և մասնակցել այլ հանրային միջոցառումներին, որոնք վերաբերում են Նախագծի վիճելի դրույթներին:

Զանգվածային լրատվության միջոցներով ներկայացնել Նախագծի թերությունները:

Իրավասու պետական մարմիններին ներկայացնել առարկություններ Նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ:

Դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու խնդրանքով:

Իրականացնել հետևյալ գործողությունները՝

ա) Նախագիծը վիճելի դրույթներով ՀՀ կառավարության նիստի օրակարգ ներառվելու դեպքում, նիստի օրը ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ իրականացնել խաղաղ բողոքի ակցիա.

բ) ՀՀ կառավարության կողմից Նախագիծը վիճելի դրույթներով ընդունվելու դեպքում 3 օր բողոքի ակցիա իրականացնել՝ այդ օրերին հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.

գ) ՀՀ Ազգային ժողովի կողմից Նախագիծը վիճելի դրույթներով առաջին ընթերցմամբ ընդունելու դեպքում 7 օր բողոքի ակցիա իրականացնել՝ այդ օրերին հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.

դ) ՀՀ Ազգային ժողովի կողմից Նախագիծը վիճելի դրույթներով երկրորդ ընթերցմամբ ընդունելու դեպքում անորոշ ժամկետով բողոքի ակցիա իրականացնել՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Սահմանել, որ վերոհիշյալ գործողությունները կկազմակերպի 19.01.2019թ. ակումբի նիստում ձևավորված նախաձեռնող խումբը, որը կարող է համալրվել նոր անդամներով:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ